Մատչելիության հղումներ

Դևրիկյան․ «Շարժման ամենամեծ արդյունքն այն էր, որ մեր ժողովուրդը թոթափեց զոհի բարդույթը»


Ղարաբաղյան շարժումը առաջին հերթին ազգային-ազատագրական պայքար էր, ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում այսօր կարծիք հայտնեց Գրականության ինստիտուտի տնօրեն, Ղարաբաղյան շարժման անդամ և Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը:

«Շարժման ամենամեծ արդյունքն այն էր, որ մեր ժողովուրդը թոթափեց զոհի բարդույթը և անօգնականության զգացումը: Հայ ժողովուրդը հասկացավ, որ անօգնական լինելը արժանիք չէ, դա մեծ թերություն է և այդ անօգնական զգացումը փոխարինվեց համընդհանուր զենքի և համընդհանուր ինքնապաշտպանության գաղափարով և սա մնայուն նվաճում է», - կարծիք հայտնեց Դևրիկյանը, ով նաև Ղարաբաղյան շարժման մասին բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է: - «Շարժումից 30 տարի հետո ունենք ամենամեծ իրական արդյունքը՝ Արցախի Հանրապետությունը: Դրանից ավելի մեծ արդյունք չէինք ունենա: Ինչպես նաև՝ Հայաստանի անկախությունը»:

Իսկ որպես բացթողում Վարդան Դևրիկյանն ափսոսանքով արձանագրում է․ - «Իմ սրտին ամենամեծ ցավերից մեկը այն է, որ շարժման առաջին օրերի այն մարդիկ, ովքեր այդ շարժումը իրապես տարան, որոշակի հանգրվանի հասցրեցին, անուններ չտանք, բայց դժբախտաբար այսօր տարբեր ճամբարներում են, տարբեր ըմբռնումների դեմ են և միասնական հաղթանակը նվաճողները ինչ-որ տեղ իրար քննադատում են, իրար մեղադրում են»:

Հարցին, թե այսօր մեր ժողովուրդն իրեն հաղթանակած ժողովուրդ համարո՞ւմ է սոցիալական ու տնտեսական այս իրավիճակում, տարեցտարի աճող արտագաղթի այս պայմաններում, հնչեց հետևյալ պատասխանը․ - «Արցախյան շարժումը բարոյական պատասխանատվություն չի կրում Ձեր ասած երևույթների հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG