Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացը


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանում նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ մեկնարկել է նախընտրական գործընթացը։

Թեև քաղաքագիտական շրջանակներում ադրբեջանական իշխող ռեժիմի փոփոխության որևէ նախանշան չեն տեսնում, այդուհանդերձ այդ երկրի ընդդիմությունը, մասնավորապես՝ «Մուսավաթ» կուսակցությունը, ողջ ներուժով պատրաստվում է նախագահական ընտրություններին՝ ձևավորելով անգամ նախընտրական շտաբ։

«Մուսավաթ»-ը 2018-ի նախագահական ընտրությունների իր թեկնածուին առաջադրել է դեռևս 2014-ին։ Ադրբեջանի նախագահի թեկնածու Իսա Ղամբարը, կուսակցության համագումարին ելույթ ունենալով, ընդգծել է վճռականությունը երկրում փոփոխությունների հասնելու հարցում։

Նախագահի աթոռի համար պայքարելու մտադրության մասին է հայտնել նաև դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն՝ կոչ անելով ընդդիմությանը համախմբվել հանուն ժողովրդավարական ընտրությունների անցկացման։

«Մեյդան TV»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 17-ին։

Այս ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք թույլ է տալիս 2003 թվականին իշխանությունը հորից՝ Հեյդար Ալիևից ժառանգած Իլհամ Ալիևին հերթական՝ չորրորդ անգամ առաջադրվել, սակայն հաղթելու դեպքում պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։

Բացի այդ, Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել են նաև առաջադրումների քանակային սահմանափակումները, ուստի, եթե ինչ-որ արտառոց բան չպատահի, 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։

Նոր Սահմանադրությամբ չեղարկվել է նաև նախագահի թեկնածուի առաջադրման տարիքային նվազագույն շեմը։

Ընդդիմախոսների համոզմամբ, այդ փոփոխությունը Իլհամ Ալիևին թույլ է տալիս իր գերդաստանից որևէ մեկին նախապատրաստել նախագահության, ընդ որում, ըստ վերլուծաբանների, այդ դերը գործող նախագահը տեսանելի ապագայում կարող է վստահել իր երիտասարդ որդուն՝ 21-ամյա Հեյդար կրտսերին, որին անվանել են ի պատիվ պապի՝ Խորհրդային Ադրբեջանի և անկախ Ադրբեջանի բազմամյա ղեկավար և Ադրբեջանում «ազգի հայր» համարվող Հեյդար Ալիևի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG