Մատչելիության հղումներ

4-րդ նախագահի շուրջ գործընթացը ժողովրդավարական չէ. Վլադիմիր Կարապետյան


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում կրկին վերահաստատեց ՀԱԿ-ի այն դիրքորոշումը, թե սահմանադրական բարեփոխումները միտված են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը։

Նա պնդեց՝ 4-րդ նախագահի շուրջ գործընթացը տարբերվում է նորմալ ժողովրդավարական պրոցեսներից, նշելով՝ նախագահը ոչ թե ինքն է առաջադրվել, այլ իրեն առաջադրել են, և մեկ ամիս է մնացել ընտրություններին, սակայն, ըստ Կարապետյանի, դեռ ոչ ոք չգիտի՝ Արմեն Սարգսյանն ուզո՞ւմ է դառնալ նախագահ, թե՞՝ ոչ։

«Նախագահի պաշտոնն այնպիսի պաշտոն է, երբ մարդ պետք է առաջադրվի, և առաջադրման պրոցեսը շատ կարևոր է։ Մարդ պետք է ասի՝ «ես ուզում եմ դառնալ նախագահ, կամ պատգամավոր», այնուհետև ինչ-որ մի պրոցես անցնի քարոզչության, որտեղ մշակվեն և բյուրեղանան խոստումները, ծրագրերը։ Արմեն Սարգսյանն, ինչպես նաև այսօրվա վարչապետը՝ երկուսն էլ հրավիրովի են, իրենք ոչ թե էն գլխից ասել են, որ «մենք ուզում ենք», և ժողովուրդը տեսներ, որ իսկապես ցանկություն ունեն ծառայելու հասարակությանը, այլ երկուսն էլ, կոնկրետ այս դեպքում էլ՝ պարոն Սարգսյանը, հրավիրված է, և մեկ ամիս է մնացել մինչև ընտրությունները, մենք չգիտենք՝ ինքն ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում։ Այդ առումով, այս պաշտոնը կամ քաղաքական իրողությունը, որ մենք ունենք, շատ տարբերվում է նորմալ ժողովրդավարական պրոցեսներից, երբ որ մարդիկ հայտնում են նախևառաջ իրենց ցանկության մասին, անցնում են մրցակցային պայքարով», - ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերին։

Հարցին՝ եթե Արմեն Սարգսյանը համաձայնի դառնալ Հայաստանի 4-րդ նախագահը, նա ունի՞ այն գործառույթները, որ կարող է իր ցանկացածն իրականություն դարձնել, ՀԱԿ ներկայացուցիչը արձագանքեց. - «Նախևառաջ ինքը պետք է պատասխանի։ Հարցազրույցներից մեկում նա ասաց, որ այդքան էլ ճիշտ չի, որ լիազորությունները քիչ են, և նախագահի լիազորությունները բավարար են ծրագիրն առաջ տանելու համար։ Կյանքը ցույց կտա, նամանավանդ քաղաքական ուժերն այսօր չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այս ընտրության վրա, որը կլինի մարտի 2-ին, ինչպես ասվել է։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, իսկապես մենք միակ քաղաքական ուժն ենք եղել դաշտում, որ ասում էինք՝ սահմանադրական բարեփոխումների, այսպես կոչված, միակ նպատակը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման, կամ իշխանության մնալը երկարացնելն է, ցավոք, այլ ընդդիմադիր ուժեր չմիացան մեզ և չէին կիսում մեր այդ կարծիքը։ Մենք հիմա բոլորս ականատեսն ենք լինում, որ իսկապես դա է եղել միակ նպատակը, և մնացած պաշտոնները, որ ուղեկցելու են այս գործընթացը, կարծում եմ՝ երկրորդական նշանակություն կունենան»։

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG