Հայաստանի չորրորդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հայտարարեց, որ ինքը երբեք էլ Հայաստանից չի հեռացել։ Պարբերաբար եղել է հայրենիքում, խոսել մարդկանց հետ։ «Ազատության» հարցին, թե՞ տեղյակ է արդյոք հայաստանցիների խնդիրներից, պատասխանեց, որ տեղյակ է, բայց չցանկացավ խոսել դրանց մասին։
«Ես հաճախ Հայաստանում եմ եղել, գնացել եմ, հանդիպել եմ գյուղերը: Փողոցում ինձ տեսնեիք՝ չէիք իմանա, որովհետև երբ որ ես վարչապետ էի, Դուք երևի ծնված էլ չէիք, որովհետև շատ երիտասարդ եք երևում», ֊ պատասխանեց Արմեն Սարգսյանը: ֊ «Ես Հայաստանից չեմ գնացել, Հայաստանը շատ լավ գիտեմ: Ուրիշ բան, որ կա սերունդ, որը ինձ չի ճանաչում: Դրանք երկու տարբեր բաներ են»:
Արմեն Սարգսյանը մինչ թեկնածու դառնալու հարցում վերջնական որոշում կայացնելը շարունակում է հանդիպումների շարքը։ Այսօր նա Երևանի պետական համալսարանում էր, հետո էլ այցելեց Թումո։ ավելի վաղ հանդիպել էր Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորներին և գիտնականներին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա խնդրեց չհարցնել իրեն, թե երբ է վերջնական որոշում կայացնելու, քանի որ դեռ հանդիպումներ է անցկացնում: Նա խուսափեց ասել, թե ինչը կարող է իրեն դրդել, որպեսզի չհամաձայնի դառնալ Հանրապետականի նախագահի թեկնածուն:
Սարգսյանը այսօր Թումո կենտրոնում առանձնահատուկ ջերմ էր լրագրողների հետ։ Նախ բոլորի հետ ծանոթացավ, զրուցեց, հետո էլ խոստացավ, որ Սերժ Սարգսյանի հետ կրկին հանդիպելուց հետո, երբ վերջնական որոշման մասին հայտարարի, կհանդիպի լրատվամիջոցների հետ և կպատասխանի նրանց բոլոր հարցերին․ ֊ «Որևէ կասկած չունենաք, եթե ես որոշում ընդունեմ Հանրապետության նախագահի հետ երկրորդ հանդիպումից հետո, Ձեզ հետ պարբերաբար, շատ հանգիստ հանդիպելու եմ և զրուցեմ և պատասխանեմ Ձեր բոլոր հարցերին: Բայց հիմա Ձեր տված շատ հարցերին ես պատասխան չունեմ, որովհետև ինքս աշխատանքային պրոցեսում եմ»:
Սարգսյանի խոսքով, վերջին օրերին հանդիպումների ընթացքում ինքն է հարցեր տալիս մարդկանց, իր առաջադրման մասին զրուցակիցները դրական են արտահայտվում: Ավելի վաղ այսօր նա ԵՊՀ-ում հանդիպել էր գիտխորհրդի հետ։ Ինչպես ասաց մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ իրենց նախկին գործընկերոջը հորդորել են համաձայնել և դառնալ նախագահի թեկնածու․ ֊ «Բոլոր ելույթները, որոնք հարցերի ձևով չէին, ողջունեցին իրեն և հույս հայտնեցին, որ ինքը կհամաձայնի դառնալ նախագահի թեկնածու»:
Ի դեպ, ԵՊՀ-ում անվտանգության աշխատակիցները միայն երկու լրատվամիջոցի էին թույլ տվել ներս մտնել, մնացածի՝ այս թվում «Ազատության» մուտքը շենք արգելված էր։ ԵՊՀ ռեկտորը վստահեցրեց, որ տեղյակ չէ, թե ով է նման հրահանգ տվել և իրենք կպարզեն մեղավորներին։