Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփ․ Չինաստանն ու Ռուսաստանը Ամերիկայի հակառակորդներն են


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2018թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2018թ․

Չինաստանն ու Ռուսաստանը Ամերիկայի հակառակորդներն են, որոնց անհրաժեշտ է դիմակայել աննախադեպ ուժով, երեկ դիմելով Կոնգրեսին` հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը, իր ընտրությունից մեկ տարի անց ամփոփելով իրավիճակը Միացյալ Նահանգներում:

«Ուժն է պաշտպանության լավագույն միջոցը», - պնդեց Սպիտակ տան ղեկավարը՝ կոչ անելով Կոնգրեսին ավելի շատ գումար հատկացնել Ամերիկայի սահմաններն ամրապնդելու, բանակը հզորացնելու և միջուկային զինանոցն արդիականացնելու համար:

«Աշխարհում մենք գործ ունենք խարդախ վարչակազմերի, ահաբեկչական խմբավորումների և Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդների հետ, որոնք մարտահրավեր են մեր շահերին, մեր տնտեսությանն ու մեր արժեքներին: Մենք գիտենք՝ այս սարսափելի վտանգներին դիմակայելիս եթե թույլ լինենք, դա անխուսափելիորեն հակամարտության կհանգեցնի, և գիտենք նաև, որ անգերազանցելի ուժն է մեր պաշտպանության ճշմարիտ ու ամենահուսալի միջոցը», - ասաց Թրամփը:

Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթում ԱՄՆ նախագահը Ռուսաստանը միայն մեկ անգամ հիշատակեց, փոխարենը մանրամասն անդրադարձավ Հյուսիսային Կորեային ու Իրանին: «Ես մտադիր չեմ նախորդ վարչակազմերի նման հաշտվել ու զիջումների գնալ», - զգուշացրեց նա, ընդգծելով՝ այդ սխալ քաղաքականության հետևանքով է այսօր Նահանգները վտանգավոր իրավիճակում հայտնվել:

«Հուսով եմ՝ մենք մեր միջուկային զինանոցը երբեք գործի չենք դնի, սակայն պարտավոր ենք այն հզոր և զորեղ դարձնել այնքան, որ կանխենք այլոց կողմից ցանկացած հարձակում: Գուցե երբևիցե, մի կախարդական պահի աշխարհի պետությունները կորոշեն վերացնել իրենց միջուկային զենքերը, սակայն այսօր մենք, ցավոք, դեռ դրան չենք հասել», - ասաց Դոնալդ Թրամփը:

Նա պնդեց՝ անզիջում է լինելու նաև Իրանի հարցում, կրկնեց՝ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված պայմանագիրը աններելի սխալներ ունի, որոնք անհրաժեշտ է շտկել: Այս հարցում նախագահ Թրամփը Կոնգրեսի, այդ թվում ընդդիմադիր դեմոկրատների աջակցությունը խնդրեց, միաժամանակ իր կողմից խոստացավ աջակցել Իրանի ժողովրդին՝ երկրի բռնապետական կառավարման դեմ պայքարում:

«Երբ Իրանի ժողովուրդը ոտքի կանգնեց կոռումպացված բռնապետության հանցագործությունների դեմ, ես չլռեցի: Ամերիկան Իրանի ժողովրդի հետ է՝ ազատության համար նրա քաջարի պայքարում», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը:

Թեհրանի հետ 2015-ին կնքված գործարքից բացի Թրամփը քննադատեց նաև նախորդ վարչակազմի պայքարը ահաբեկչության դեմ: «Մենք ազատ ենք արձակել վտանգավոր հանցագործների», - պնդեց Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնելով, որ ի տարբերություն Օբամայի՝ ինքը կարգադրել է բաց պահել Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը:

«Անցյալում մենք հիմարաբար հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների ենք ազատ արձակել, հետո կրկին նրանց հանդիպել մարտի դաշտում, «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ևս բռնել ենք, հետո՝ բաց թողել: Այսօր ես իրականություն եմ դարձնում իմ խոստումներից ևս մեկը՝ ես կարգադրել եմ պաշտպանության նախարարին վերանայել մեր ռազմական կալանավորման քաղաքականությունը և չփակել Գուանտանամոյի բանտը: Խնդրում եմ Կոնգրեսին ապահովել, որ մեր պայքարը ԻՊ-ի և «Ալ-Ղաիդա»-ի դեմ շարունակվի, և մենք ունենանք անհրաժեշտ ուժ՝ ահաբեկիչներին ձերբակալելու համար», - հայտարարեց Դոնալդ Թրամփը:

Մեկ տարի առաջ Սպիտակ տուն եկած նախագահն առավել մանրամասն խոսեց Ամերիկայի ներքին խնդիրների շուրջ՝ հանրապետականներին ու դեմոկրատներին կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները՝ դառնալով մեկ միասնական ամերիկյան ընտանիք: «Մենք ամերիկյան երազանքի իրագործման նոր պատմական փուլում ենք»,- հայտարարեց Թրամփը՝ թվարկելով իր նախագահության մեկ տարվա ձեռքբերումները:

«Ընտրություններից հետո մենք ստեղծել ենք 2,4 միլիոն աշխատատեղ, որոնցից միայն 200 հազարը արդյունաբերության ոլորտում: Տարիներ շարունակ տեղում դոփող աշխատավարձերը վերջապես սկսել են բարձրանալ, գործազրկության ցուցանիշն ամենացածրն է 46 տարվա ընթացքում: Եվ ինչես ես խոստացել էի 11 ամիս առաջ՝ ելույթ ունենալով այս ամբիոնից, մենք բարեփոխումների և հարկերի ամենամեծ կրճատումն ենք արել Ամերիկայի պատմության մեջ»,- իր խոսքում նշեց ԱՄՆ նախագահը:

Անդրադառնալով ապագայի խնդիրներին՝ Թրամփը հանրապետականներին ու դեմոկրատներին հորդորեց հավանություն տալ ենթակառուցվածքների զարգացման ծրագրին, ստեղծել հատուկ՝ մասնագիտական դպրոցներ, որտեղ կպատրաստվեն այս պահին ամերիկյան տնտեսության համար անհրաժեշտ մասնագետներ: Միգրացիոն քաղաքականության հարցում, որի շուրջ դեմոկրատներն ու հանրապեականները չեն կարողանում համաձայնության գալ արդեն մի քանի շաբաթ, Թրամփը խոստացավ փոզիջում՝ չորս կետից բաղկացած ծրագրի տեսքով, որը մի կողմից կօրինականացնի փոքր հասակում ապօրինի կերպով ԱՄՆ եկած միգանտներին, մյուս կողմից՝ նախատեսում է պատ կառուցել Մեքսիկայի սահմանին ու վերացնել ծրագիրը, որը Միացյալ Նահանգների քաղաքացիություն է տալիս պարզ խաղարկությամբ:

«Մենք պետք է առաջ շարժվենք դեպի չափորոշիչների վրա հիմնված միգրացիոն համակարգ, որն ընդունում է արհեստավարժ, աշխատելու ցնակություն ունեցող մարդկանց, ովքեր սիրում ու հարգում են մեր երկիրը: Անցած շաբաթներին Նյու Յորքում իրականացված ահաբեկչական հարձակումները հնարավոր դարձան «Գրին քարտի» խաղարկության շնորհիվ: Ահաբեկչության այս դարում մենք չենք կարող հանդուրժել այդ ծրագրերը»,- հայտարարեց Թրամփը:

Ծավալուն ելույթի վերջում Դոնադ Թրամփը հարգանքի տուրք մատուցեց Ամերիկայի հիմնադիր հայրերին․ «Այս երկիրը պատկանում է ժողորդին, ինչպես նրանք էին պատգամել»,-հայտարարեց նա, ընդգծելով՝ «ժողովուրդն է այս երկրի մասին երազել, ժողովուրդն է այս երկիրը կառուցել և ժողովուրդն է, որ կրկին հզոր է դարձնում Ամերիկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG