Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Թե ով կարող է լինել նախագահի թեկնածու, շատ հստակ գրված է օրենքում


Արմեն Սարգսյան, արխիվ
Արմեն Սարգսյան, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև իր թեկնածության օրինականության հարցին։

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության՝ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և Հայաստանում մշտապես բնակվող անձը, մինչդեռ Արմեն Սարգսյանը վերջին երկու տասնամյակում Հայաստանում մշտապես չի բնակվել՝ այդ տարիներին որպես Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան պաշտոնավարելով 1998-2000 թվականներին և 2013-ի սեպտեմբերից մինչ օրս։

«Լեգիտիմություն բառը այս դեպքում չի կարելի կիրառել: Տվյալ դեպքում ինձ առաջարկ է արված, և հարցը, կարծում եմ, կարելի է ձևակերպել հետևյալ պարզ ձևով․ արդյոք Սահմանադրությունը և օրենքները թույլ են տալիս՝ իմ նման մեկը, որը շատ պարզ ձեր առջև կանգնած է՝ իր կյանքի պատմությամբ, իրավունք ունի իմ նման մեկը լինել նախագահական թեկնածու: Սա ճիշտ ձևակերպումը կլինի», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ձևակերպումը ուղղել ինձ՝ նորից կարծում եմ սխալ է, որովհետև թե ով կարող է լինել հանրապետության նախագահի թեկնածու, և ինչ է նշանակում այդ վեց տարին և ինչ ձևով են այդ վեց տարին հաշվում, շատ հստակ գրված է օրենքում: Եվ և՛ կառավարությունում, և՛ համապատասխան ծառայություններում, և՛ Ազգային ժողովում կան համապատասխան մարմիններ և մասնագետներ, որոնք այդ հարցին պատասխանում են: Ես կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք իրենց, և կստանք համապատասխան պատասխանը»:

«Ինձ համար շատ պարզ է. եթե պատասխանը այո է, և ես որոշեմ, որ պատրաստ եմ ծառայելու Հայաստանին` հանրապետության նախագահի պաշտոնում, ապա իմ համաձայնությունը կտամ: Եթե պատասխանը ոչ է, որևէ հարց չկա», - հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերին, հանրության լայն շրջանակների ներկայացուցիչներին:

Հայաստանի չորրորդ նախագահին Ազգային ժողովը ընտրելու է մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG