Հասունացել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու ժամանակը՝ Արտգործնախարարության ղեկավար կազմի հետ այսօր կայացած հանդիպմանը նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հատկանշական է, որ երկրի ղեկավարությունը պատրաստվում է վերանայել պետության անվտանգության ապահովման տեսանկյունից հիմնարար այդ փաստաթուղթը 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց դժգոհությունը պատերազմի ժամանակ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ:
«Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։ Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ», - իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ազգային անվտանգության ներկայիս ռազմավարությունը հավանության է արժանացել դեռևս նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2007թ․ հունվարի 26-ին:
Թեև այսօրվա իր խոսքում նախագահը չի մանրամասնել, թե փաստաթղթում հատկապես որ մասերն են ենթակա փոփոխության, սակայն ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ էին հայաստանյան քաղաքական գործիչների, վերլուծաբանների հայտարարությունները, որ Երևանը պետք է վերանայի իր մոտեցումները ազգային անվտանգության ռազմավարությունում:
Այսօրվա իր ելույթում, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նախագահ Սարգսյանը ուշագրավ մեկ այլ հայտարարություն է արել․ - «արգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ապրիլյան պատերազմը, անշուշտ դերակատարություն ունեցել է Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման համար, սակայն փաստաթուղթը վերանայվելու է նաև՝ «ներքաղաքական զարգացումների կոնտեքստում»․ - «Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ, ըստ էության, նախաձեռնում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակում այն ժամանակ, երբ կա իշխանության անցման խնդիր: 2007 թվականին դա նրա հավակնություններն էին նախագահ դառնալու, այժմ էլ, թեպետև չհստակեցվող, բայց կարծիքներն են և կանխատեսումներն են նրա՝ վարչապետ դառնալու մասին»:
Ըստ վերլուծաբանի, վաղուց էր հասունացել երկրի Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումը․ - «Այն վաղուց է հասունացել, այն ժամանակ, երբ 2009 թվականին ակնհայտ էր գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա ահռելի ազդեցությունը Հայաստանի վրա, այն ժամանակ, երբ ակնհայտորեն 2008 թվականի նախագահական ընտրությունները բերեցին երկրի ներսում լուրջ ցնցումների, դրա հետ կապված նաև արցախյան հակամարտության գոտում լուրջ ոտնձգությունների, այն ժամանակ, երբ նմանատիպ այլ երևույթներ դիտվեցին 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի տեսքով»: