Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել:
«Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»,- գրել է մի օգտատեր՝ Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան՝ հաստատելով, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին:
«Մեդիալաբում» հրապարակված ծաղրանկարներից մեկում Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ արած սպառնալից մեկնաբանություններն այնուհետև շարունակվել են նամակագրության տեսքով:
«Սկսեց անձնական մեսիջներ ուղարկել, թե դու չգիտես՝ ում դեմ ես դուրս գալիս, քո ժամանակը գնում է, ավազի ժամացույց ուղարկեց: Ասեցի՝ ո՞վ ես դու, ասեց՝ ես հակառակորդին այն աշխարհ ուղարկողն եմ»,- պատմեց «Մեդիալաբի» տնօրենը: Նրա խոսքով՝ իրենց նկատմամբ սպառնալիքներ միշտ են եղել: Սատիրիկ ծաղրանկարներով հայտնի կայքի խմբագիրն ասում է նաև, թե անգամ իրենց որոշ ծաղրանկարիչների ահաբեկել են, ինչի հետևանքով վերջիններս ստիպված են եղել աշխատանքից դուրս են եկել:
«Ես արդեն հոգնել եմ սպառնալիքներից, ակնարկներից և ուզում եմ, որ նման մեկնաբանություններ գրողներն ու սպառնացնողները հասկանան՝ դա պետք է ընթացք ունենա: Ես հասկանում եմ, որ ծաղրանկարները բոլորին չէ, որ դուր են գալիս, բայց․․․»,- շարունակում է երգիծական կայքի խմբագիրը:
Հիշեցնենք՝ 2016 թվականի օգոստոսին կոտրել էին Մարիաննա Գրիգորյանի մեքենայի ապակիները և գողացել էին նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախկին նախագահ, այժմ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանին, Ոստիկանապետին և իշխանության մի քանի այլ ներկայացուցիչների պատկերող ծաղրանկարներ: Սակայն, այդ միջադեպի մեղավորներն այդպես էլ չբացահայտվեցին, գործն էլ կարճվեց: «Մեդիալաբի» տնօրենն այս անգամ պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն:
«Չպիտի սպառնան ու էդպես անցնի: Պետք է մարդիկ հասկանան, որ խոսքի ազատության դեմ չպետք է իսլամիստական կոչեր հնչեցնեն: Նույնիսկ եղել են մեկնաբանություններ, որ պետք է բռնաբարել, սպանել: Պիտի սրա հետ կապված հարցեր տրվեն և պատասխաններ»,- ասում է Մարիաննա Գրիգորյանը:
Արդեն 9 տարի գործող «Մեդիալաբ» կայքի և նրա ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները շարունակական բնույթ են կրում անպատժելիության պատճառով, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Անգործության արդյունքում հնչած հերթական սպառնալիքն է: Պայթեցնելու սպառնալիքն առավել քան լուրջ է, որպեսզի անուշադրության մատնեն»,- ասում է իրավապաշտպանը, կատարվածը որակելով որպես ազատ խոսքի նկատմամբ ճնշման և սպառնալիքի փորձ:
«Իշխանության անգործության հետևանքով ստեղծված իրավիճակի արդյունքն է սա: Եթե նման սպառնալիքներ տեղացողներն իմանային, որ պատասխանատվության են ենթարկվելու, ապա ես ձեզ վստահեցնում եմ՝ նման ցինիկ պահվածք չէին կարող թույլ տալ իրենց»,- պնդում է Սաքունցը: