Մատչելիության հղումներ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 1000 դրամից ավելի վճարած մանկավարժները բողոքում են


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին ամսական 1000 դրամից ավելի վճարված մանկավարժները պնդում են՝ սա օրենքով թալան է: «Ազատությանը» դիմած մանկավարժները մի քանի տեղ են աշխատում, և յուրաքանչյուր աշխատավայրում նրանցից 1000-ակամ դրամ է պահվում: Տեղյակ են, որ, եթե մեկ ամսվա ընթացքում իրենց աշխատավարձերից 1000 դրամ է գանձվել երկու և ավելի անգամ՝ ապա կարող են դիմում գրել ու գումարը նրանց կվերադարձվի առավելագույնը 2 օրվա ընթացքում: Բայց թղթին գրվածն օրեր շարունակ չեն կարողանում իրականություն դարձնել, ասում են՝ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են ընկնում: Պնդեցին՝ ՊՆ-ից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին են մատնացույց անում, հիմնադրամից՝ Հարկային, այստեղից ստացված պատասխանն էլ պնդում են՝ պատասխանի նման չէ:

«Ինքս աշխատել եմ ամբողջ Հանրապետության մարզերում՝ վերապատրաստումներ եմ արել, և դուրս է գալիս՝ ես պետք է ընկնեմ մարզից մարզ, գյուղից գյուղ, որպեսզի հավաքեմ այդ տեղեկանքները», - «Ազատության» հետ զրույցում նշեց մանկավարժ Սոֆյա Հովսեփյանը:

Մանկավարժ Էռնեստ Ավանեսովը հավելում է․ - «Այդտեղ միտում կա մոլորեցնելու քաղաքացիներին: Նրանք հատուկ, արհեստական խոչընդոտներ են ստեղծել, որպեսզի քաղաքացին ձանձրանա, հուսահատվի և չվերցնի ապօրինի ճանապարհով իրենցից հարկադրաբար պահված 1000 դրամները: Օրենքի շրջանակներում փորձում են թալան կազմակերպել: Սա թալան է, հերթական թալանը: Նույնն է, թե մեկը մտնի ինչ-որ մեկի տուն՝ թալանի, և հետո ասի՝ գնա կադաստրից տեղեկանք բեր, որ էդ տունը քոննա: Ինձանից գողացել ես, եղբա՛յր, դու ես պարտավոր ինչ-որ բան անելու: Ես չեմ դիմել, որ ինձանից գումար պահես»:

Թեև Հիմնադարամի հոգաբարձուների խորհրդի նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, այդուհանդերձ ՊՆ-ից մեզ փոխանցեցին, որ աշխատավարձից պարտադիր գանցվող գումարները տնօրինում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Այս հիմնադրամի նախագահը Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանն է, ով «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գումարների վերադարձման կարգը պարզ ու մատչելի հրապարկված է կայքում: Չընդունեց նաև այն դժգոհությունները, թե գործընթացը միտումնավոր ձգձգվում է:

«Ձևը Կառավարության որոշմամբ սահմանված է, ձևը նաև մեր ուղեցույցում կա դրված: Ես զարմանում եմ, որ նման բան եմ լսում», - նշեց Ավետիքյանը: - «Ընդ որում՝ Հարկայինն էլ ընդառաջ գնաց․ մեր քաղաքացիները կարող են որևիցե հարկային տեսչությունից էլ ստանալ: Մենք արդեն հետվճարումներ ունենք: Մարդը 80,000 դրամ վճարել էր՝ 68,000 հետ վերադարձրեցին»:

Կարգն այսպիսին է․եթե մեկից ավելի աշխատանք ունեցող քաղաքացին ցանկանում է երկու և ավելի անգամ՝ տարբեր աղբյուրներից գանձված իր վճարները հետ ստանալ, ապա պետք է իր գործատուներից տեղեկանք վերցնի, դա տանի ՊԵԿ, որտեղից աշխատանքային երկու օրվա ընթացքում կստանա վերադարձման ենթակա գումարի մասին տեղեկանք, սա էլ պետք է փոխանցի հիմնադրամ և առավելագույնը երկօրյա ժամկետում ստանա գումարը:

«Ազատությանը» դիմած մանկավարժները դժգոհում են, ինչո՞ւ պետք է իրենք այդքան թղթեր հավաքեն, դռներ ծեծեն, որպեսզի իրենցից պարտադիր գանձված գումարները հետ ստանան: Պնդեցին՝ օրենք ու կարգ մշակողը դիմումի ձևն անգամ չի տրամադրել գործատուներին, ՊԵԿ-ից իրենց պատասխանել են, որ առայժմ տեղեկանք չեն կարող տալ, որովհետև դեռ հստակեցված ձև չունեն, հիմնադրամից էլ ասում են՝ բոլոր թղթերը կբերեք՝ գումարը կստանաք: Դիմումների վերջնաժամկետն էլ մինչև փետրվարի 28-ն է: Մտավախություն ունեն՝ չեն հասցնի այդքան թուղթ կուտակել:

Մինչ մանկավարժները բողոքում են, ՊԵԿ-ց հակադարձում են՝ բարդ բան չկա: Կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացրած քաղաքացին կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանալ մուծած դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը:

Համատեղության կարգով մի քանի տեղ աշխատող Տիգրան Սարգսյանը սեփական օրինակով է հակառակն ապացուցում: - «Դիմումով քաղաքագին գրել է, որ խնդրում եմ այս հիմնադրամին ներկայացնելու համար տեղեկանքը տրամադրել ու փաստաթղթերն է կցել, [Մաշտոցի հարկային տեսչության պատասխան գրությունում] գրել են՝ վերադարձնել, նշելով փաստաթղթերի ցանկը: Հստակ գրել է բաժնի պետը աշխատողին, որ՝ նշեք փաստաթղթերի ցանկը, նոր վերադարձրեք: Էս աշխատողը գրել է վերադարձնում եմ, ու հղում է տվել, թե ինչ օրենքի հիման վրա: Այսինքն, չի կատարել իր բաժնի պետի կարգադրությունը: Այսինքն, քաղաքացին պետք է գնա, ուսումնասիրի Կառավարության փետրվարի N86 որոշումը, պարզի, որ դա էլ փոփոխության է ենթարկվել 2017 թ․ նոյեմբերին, հետո փոփոխությունները գտնի, տեսնի որ այնտեղ էլ բաներ կա, նոր գտնի այն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը Հարկայինը պարտավոր էր վերադարձնելուց նշել», - պատմեց Տիգրան Սարգսյանը:

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները չեն պատրաստվում վճարել այդ պարտադիր 1000 դրամները, հարցը դատարանում են վիճարկում: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն առհասարակ դեմ է, որ պահվեն այդ գումարները, ասում է՝ սա հակաօրինական քայլ է: - «Մենք գտնում ենք, որ ինքնին նման մոտեցումը՝ որպես դրոշմանիշային վճար ձևակերպմամբ, հանդիսանում է սեփականության իրավունքի խախտում, որովհետև ինքը բացարձակապես որևէ կերպ հիմնավորված չէ, ավելին՝ այն հիմնավորումները, որ ներկայացվել են օրենքով, չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Վճար հասկացողության դեպքում պետք է պետությունը ծառայություն մատուցի վճարը կատարողին: Տվյալ դեպքում քաղաքացին որևէ ծառայություն չի ստանում», - պնդեց իրավապաշտպանը:

«Ազատությանը» դիմած մանկավարժները անընդունելի են համարում նաև այն, որ գումար է պահվում անգամ զոհված զինծառայողի և ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամներից: Տարակուսած են՝ փաստորեն այս նույն քաշքշուկի միջով պետք է անցնեն նաև այս մարդիկ, որպեսզի ապացուցեն, որ իրենք զոհված կամ ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամ են ուգանձված գումարը հետ ստանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG