Մատչելիության հղումներ

Քաղաքական վերլուծաբան․ Արմեն Սարգսյանի հանդիպումները ավելի շատ ձևական են


Իշխող Հանրապետական կուսակցության Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի սկսած հանդիպումները քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների հետ ավելի շատ ձևական են, այլ ոչ թե որոշում կայացնելու նպատակ ունեն: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«Իհարկե, ավելի շատ ձևական են հանդիպումները, որովհետև ես կասկած չունեմ, որ իրականում Արմեն Սարգսյանը իր որոշումը ունի և նա համաձայնվելու է: Հակառակ դեպքում, Սերժ Սարգսյանը դա ճշտելուց առաջ նրան հենց այնպես առաջարկ չեն անի», - ընդգծեց վերլուծաբանը:

«Սկզբում միաձայն հավանություն են տալիս այդ թեկնածությանը և հետո միայն հարցեր են տալիս, լսում են նրա տեսակետները՝ տարօրինակ է, հակառակը պիտի լինի․ սկզբում պիտի լսեին նրա տեսակետները, դիրքորոշումները, հետո նոր թեկնածությունը առաջադրեին», - շարունակեց Բաղդասարյանը՝ եզրակացնելով․ - «Այսինքն, սա, իհարկե, ձևական բնույթ է կրում, նպատակը տպավորություն թողնելն է, որ սա համազգային թեկնածություն է, ազգային կոնսոլիդացիայի ինչ-որ արտահայտություն է»:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարության առնչությամբ, որ «Ծառուկյան» խմբակցության հետ բանակցությունները Արմեն Սարգսյանը պետք է վարի, վերլուծաբանը ասաց․ - «Ես կարծում եմ՝ Վահրամ Բաղդասարյանի ասածի թաքուն իմաստը, ուղերձը հետևյալն է․ քանի որ խոսակցություններ կան, էդ թվում՝ մամուլում, լրատվամիջոցներում, որ «Ծառուկյան» դաշինքը իր քվեարկությունը պայմանավորում է ապագա կոալիցիայի կազմում լինել-չլինելով, այսինքն՝ քանի որ խոսակցություններ կային, թե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկելու դիմաց ակնկալում է նախարարական պորտֆելներ, Վահրամ Բաղդասարյանը սրանով ուղերձ է հղում, որ այդպիսի բանակցություններ չկան, իրականում նման բան չկա, դրա համար էլ ոչ թե ՀՀԿ-ն պիտի բանակցի «Ծառուկյան» դաշինքի հետ, այլ՝ հենց թեկնածուն: Սա էր ուղերձը»:

«Իսկ թե ինչ կլինի, ես կարծում եմ՝ ամեն դեպքում, Արմեն Սարգսյանը կանցնի առաջին փուլով: Ես կարծում եմ՝ դա տեղի կունենա մոտավորապես այսպես․ «Ծառուկյան» դաշինքը կհայտարարի, որ իր պատգամավորներին ազատ քվեարկելու իրավունք է տալիս՝ ըստ սեփական հայեցողության, սեփական խղճի, և փակ գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ-ում [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն] կգտնվեն 14 և ավելի պատգամավորներ, ովքեր իրենց առաջնորդի խոսքերից ելնելով՝ ըստ իրենց հայեցողության կքվեարկեն կողմ, և արդյունքում այդ երեք քառորդը [առաջին փուլով նախագահի ընտրության համար պահանջվող] կապահովվի», - կանխատեսեց Արմեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերին, հանրության լայն շրջանակների ներկայացուցիչներին: Երեկ Արմեն Սարգսյանը հանդիպեց իշխող Հանրապետական և կոալիցիան ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի չորրորդ նախագահին Ազգային ժողովը ընտրելու է մարտի 2-ին:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG