Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայում փորձել են ձերբակալել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարը Ֆեյսբուքում գրել է, որ Իտալիայի ոստիկանությունը այսօր «պաշարել էր» Հռոմում գտնվող իր հյուրանոցի համարը։
«Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում», - գրել է Փաշինյանը:
Ավելի ուշ Հայաստանի ոստիկանությունը պարզաբանմամբ հանդես եկավ, որում, մասնավորապես, ասված է․ - «Հայտնում ենք, որ 01.07.2009 թ․` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:
Հիշեցնենք՝ 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, հաջորդ տարվա հուլիսին նա ներկայացել էր Հայաստանի իրավապահ մարմիններին, 2010-ի հունվարին՝ դատապարտվել 7 տարվա ազատազրկման, 2011-ի մայիսին՝ համաներմամբ ազատ արձակվել: