Կատալոնիայի խորհրդարանն այսօր պետք է ընտրի Իսպանիայի այդ ամենահարուստ ու զարգացած երկրամասի նոր ղեկավարին:
Բարսելոնայում անորոշ իրավիճակ է, քանի որ հիմնական թեկնածուն՝ Մադրիդի վճռով պաշտոնանկ արված Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնը ներկայումս ապաստանել է Բրյուսելում: Նա Իսպանիայի դատարանի կողմից մեղադրվում է ապստամբություն նախաձեռնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Պուչդեմոնն ասել է, որ ցանկանում է ներկա լինել ընտրություններին և պահանջում է չեղարկել իրեն ձերբակալելու հրամանագիրը:
Իսպանիայի իշխանությունները նման երաշխիք չեն տալիս: Մադրիդը հենց այդ եղանակով էլ ցանկանում է կանխել Պուչդեմոնի ընտրությունը Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում:
Անցած ուրբաթ օրը Իսպանիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահության թեկնածուն պարտավոր է անձամբ ներկա լինել Ժեներալիտետի՝ Կատալոնիայի տեղական ընտրովի իշխանության մարմնի նիստին և ընտրվելու դեպքում երդվել, այլապես նիստը կհամարվի անվավեր:
Պուչդեմոնը կարող է մասնակցել նիստին, բայց նախ պետք է մուտք գործի Իսպանիայի տարածք, ներկայանա իրավապահներին և դատարանից ստանա Կատալոնիայի խորհրդարանի նիստին մասնակցելու թույլտվություն:
Փաստորեն, այս իրավիճակի բերումով Պուչդեմոնի ճակատագիը հայտնվել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենի ձեռքում: Նա պետք է որոշի՝ պնդե՞լ, որ Պուչդեմոնը պարտավոր է անձամբ մասնակցել նիստին, թե՞ նիստը գումարել և նախագահ ընտրել առանց թեկնածուի անձնական մասնակցության:
Այս խնդրին է անդրադարձել Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի քաղաքագետ-վերլուծաբան Մարկ Սանջաումեն:
«Պարոն Պուջդեմոնը հիմա շատ բարդ կացության մեջ է և պետք է ընտրություն անի: Մնալ Բրյուսելում՝ կնշանակի, ամենայն հավանականությամբ, կորցնել նախագահ ընտրվելու հնարավորությունը, որովհետև Իսպանիայի Սահմանադրական դատարանը և Կատալոնիայի խորհրդարանի կանոնակարգը պահանջում են նախագահի ընտրության ժամանակ թեկնածուի ֆիզիկական ներկայությունը նիստին», - ասել է վերլուծաբանը:
Պուչդեմոնը նամակով դիմել է խորհրդարանի խոսնակին և պահանջել է երաշխավորել իր և բոլոր պատգամավորների դատական անձեռնմխելիությունը: