Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության փաթեթային հանգուցալուծումն ունի նաև փուլային կիրառում. Նալբանդյան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության փաթեթային հանգուցալուծումը ունի նաև փուլային կիրառում:

Նման հայտարարություն Էդվարդ Նալբանդյանն արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ ընդգծելով, որ եռանախագահող երկրները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի այն սկզբունքների, տարրերի հիման վրա, որոնք մշակվել ու ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, որպես փաթեթ:

«Փորձել առանձնացնել մեկ սկզբունքը, կամ դրույթներից մեկը մյուսներից, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։ Այս փաթեթային մոտեցումն է, որն առաջարկված է եռանախագահող երկրների կողմից և դրա մասին նաև բազմիցս հայտարարվել է՝ ներառյալ նաև ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, եռանախագահող երկրների կողմից։ Բայց, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք, և դրա մասին էլ մենք բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնականաբար, նկատի ունի նաև փուլային կիրառում այդ փաթեթային հանգուցալուծման», - ասաց Նալբանդանը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարի, Ադրբեջանի արտգործնախարարի հետ Լեհաստանի Կրակով քաղաքում մոտ տասը օր առաջ կայացած հանդիպմանը մեկ քայլ առաջ է գրանցվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կարողությունների ընդլայնման ուղղությամբ:

«Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց մեկ քայլ առաջ անել, մեկ քայլ առաջ՝ յոթ հոգով ավելացնելով Կասպշիկի թիմի միջազգային անձնակազմը», - հայտարարեց Նալբանդյանը։

«Գնդակը Թուրքիայի դարպասում է»

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին:

«Տասը տարի առաջ, երբ որ Հայաստանը նախաձեռնեց այս կարգավորման գործընթացը, տասը տարվա ընթացքում միշտ հավատարիմ է եղել, թե՛ գործընթացին, թե՛ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հայաստանը չէ, Թուրքիան է, որ հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունը», - ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով. - «Վերջին տարիներին միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այսօր կարող ենք ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում»։

Նալբանդյանը «կարևոր հանգրվան» անվանեց Հայաստանի ու Եվրամիության միջև անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարևոր, շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա։ Հայաստանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որ այս փաստաթուղթը վավերացվի մինչև ապրիլ։ Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում, իհարկե հուսով ենք, որ առանց որևէ խոչընդոտների կվավերացվեն նաև այլ եվրոպական միությունների կողմից, բայց համապատասխան ընթացակարգի, Եվրամիության կողմից արդեն դրա մասին նաև իրենց կայքէջում է դրված, որ մեր վավերացումից հետո կարող է ժամանակավոր սկսել իրականացումը այս պայմանագրի։ Հնարավոր է, որ դա լինի մայիսի 1-ից սկսված, կամ հուլիսի 1-ից», - ասաց արտգործնախարարը։

«Ռոբսոնը» այլևս արտգործնախարարի խորհրդականը չէ

Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խորհուրդներ է նրան տվել ռուսաստանյան քրեական աշխարհի հետ իր կապերով հայտնի «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանը, և արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարը մտահոգ չէ այդ հանգամանքով:

Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում հայտնվելուց հետո Թաթուլյանի հայտարարել էր, որ հանդիսանում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը։

«Ինչ վերաբերվում է պարոն Թաթուլյանին, այո պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը, և ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով», - ասաց Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG