Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:
Ըստ հաղորդագրության, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը. նա Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970թ., ով 2018թ. հունվարի 8-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [գողությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով] նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ կոմիտեի, դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: