Առողջապահության նախարարությունը որոշել է բարձր տուգանքների միջոցով պայքարել հասարակական վայրերում և փակ տարածքներում ծխելու դեմ: Հունվարի 24-ից հրապարակված նախագծով ընդլայնվել է այն վայրերի ցանկը, որտեղ ծխելը կարգելվի, մի քանի անգամ ավելացվել են նախատեսվող տուգանքների չափերը։
Ըստ այդմ՝ հանրային վայրերում, ինչպիսիք են օրինակ սրճարանները, առևտրի և զվարճանքի օբյեկտները, դպրոցները, բուհերը, առողջապահական հաստատությունները, նաև վերելակները, ծխելու համար տուգանքը կկազմի 250 հազար դրամ։
Օրենքի այս նախագիծը, որով բնակչության առողջության համար պատասխանատու կառույցը որոշել է նվազեցնել ծխախոտի օգտագործման բացասական ազդեցությունը, բուռն քննարկման առիթ դարձավ, նաև հակասական կարծիքների տեղիք տվեց։ «Ազատության» հետ զրույցում քաղաքացիներն ասացին՝ օրենքն իսկապես ողջունելի է, բայց տուգանքի չափերը համաչափ չեն մարդկանց եկամտին:
Այս նախագծով անդրադարձ կա նաև հասարակական տրանսպորտին։ Եթե նախկինում ծխելու համար վարորդը տուգանվում էր 3,000 դրամով, ապա այժմ նա 50,000 դրամի պատասխանատվության կկրի։ Իսկ, առհասարակ, տրանսպորտում, տաքսիներում կամ կանգառներում ծխելու համար տուգանքի չափը կկազմի 100,000 դրամ։
Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում օրենքին կողմ է քվեարկել 194 անձ, դեմ՝ ընդամենը 21։ Առողջապահության նախարարության պաշտոնյան, ով նաև հակածխախոտային պայքարի ազգային ծրագրի ղեկավարն է, նշում ՝ միայն բարձր տուգանքներով կարելի է պայքարել այդ արատավոր երևույթի դեմ։
«Մի կողմից, եթե ինքը տեղեկացված է, որ արգելվում է ծխելը ու ծխում է՝ 250 հազարը բավականին լուրջ արգումենտ է, որ չծխի», - մեկնաբանում է նա:
Ալեքսանդր Բազարչյանը չի բացառում, որ նախագծի քննարկման փուլում տուգանքների չափը հնարավոր է փոփոխվի։ Անփոփոխ, սակայն, կմնա փակ վայրերում ծխելու արգելքը։ Սրճարաններում, ռեստորաններում ու հանրային սննդի կետերում օրենքի ընդունումից հետո կբացառվի ծխողների սրահ հասկացությունը։
Օրենքի նախագծում սահմանված փակ տարածքների մեջ են մտնում նաև այսօրվա հայտնի փաբերը։ Հասարակական վայրերից, թերևս, ամենաշատը հենց այստեղ են մարդիկ ծխում։ Լիցքաթափվելը, խմելն ու ծխելը այս հաստատությունների մշակույթի մի մասն են դարձել՝ ասում է «Սիմոնա» փաբի տնօրենը։ Արկադի Սահակյանի կարծիքով կառավարության կոշտ դիրքորոշումը կվնասի այս բիզնեսին․ - «Նամանավանդ ձմեռները, որ մարդը ստիպված լինի դուրս գալ ծխելու, դա էլի իրեն դիսկոմֆորտ է, ինձ էլ է դիսկոմֆորտ, որովհետև ինքը պարզապես կնախընտրի խմիչք առնի, տանը նստի ու ծխի, քան գա ինձ մոտ»:
Հաստատության տնօրենը նշում է՝ ամսական պետբյուջե են վճարում 600,000 դրամի հարկեր։ Կտրուկ արգելքների պատճառով, եթե հաճախորդները պակասեն, հաստատությունն էլ փակվի՝ դա վնաս է նաև պետությանը։ Արկադի Սահակյանին մտահոգում է մի հարց՝ ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը, արդյո՞ք տեսուչները պատրաստվում են ամեն օր ներխուժել տարածք ու աջ ու ձախ տուգանքներ կիրառել․ - «Նախ՝ այդ արձանագրելու պրոցեսը չգիտեմ ինչպես է լինելու: Մարդուն քաղմա՞ս են տանելու դրա համար: Տեղում ինչպե՞ս են արձանագրելու, եթե փաստաթուղթ չունի իր մոտ: Քաղմաս տանելը աբսուրդ է, որովհետև իրենք կարող է մտնեն փաբ, բար, ու հիսուն տոկոսը ծխի․․․ ի՞նչ, հիսուն տոկոսին հավաքելու են տանե՞ն»:
Վերահսկողություն իրականացնելու կարգը դեռ մշակված չէ, դա կստեղծվի օրենք ընդունվելուց հետո, ասում է առողջապահության նախարարության պաշտոնյան ու հավելում՝ իրականում այս արգելքից բիզնեսը չի տուժի։ Մինչև նախագիծ գրելը բազմիցս շրջել է նման հաստատություններով ու համոզվել՝ փաբերում, բարերում ու սրճարաններում ավելի շատ չծխողներ են, քան ծխողներ։ - «Երևի 20-30 տոկոսն է ծխում փաբում: Ուղղակի ծուխը անընդհատ է: Փոքր փաբեր են և ծխի սոսկալի կուտակում կա այնտեղ», - ասում է Բազարչյանը:
Վիճակագրությունն էլ փաստում է՝ Հայաստանում 16-ից բարձր տարիքի տղամարդկանց 50 տոկոսը ծխող է։ Ու որպեսզի վաղ տարիքից կանխվի այս վատ սովորությունը նախարարությունում հստակ տուգանքներ են սահմանել նաև վաճառքի կանոնները խախտողների համար։ Դպրոցներին, մանկապարտեզներին կամ միջին մասնագիտական հաստատություններին 100մ շառավղից մոտ ծխախոտ վաճառելու դեպքում տուգանքը կկազմի 500 000 դրամ։
Հատով ծխախոտի վաճառքի դեպքում՝ 300,000, իսկ 18 տարին չլրացած անձանց վաճառելը կպատժվի 200,000 դրամ տուգանքով։ Ամենաբարձր տուգանքներից մեկն է ծխախոտի գովազդի համար է՝ 700,000 դրամ։