Մատչելիության հղումներ

Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի. Նալբանդյան


Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։

Հիշեցնենք, ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրել էր, որ այս ամսվա կեսերին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը:

Նշենք, որ վերջին տարիներին Բաքուն Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում՝ «Նովոստի»-ի գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «Ռուսաստանից զենք գնելու հարցում Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի»։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբվերում դեպի Ադրբեջան ռուսական զենքի հերթական մատակարարմանը, Նալբանդյանը պատասխանեց. - «Ակնհայտ է և հայտնի է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման, ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլ նաև այս տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունեցող երկիր։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրամադրվող սպառազինությանը, դրա վերաբերյալ հանրապետության նախագահը և արտգործնախարարը ոչ մեկ անգամ անդրադարձել են, չեմ կարծում, որ կրկնելու կարիք կա, բայց նշեմ, որ նաև հայտնի է, թե ինչ պատճառներով է հատուկ շեշտադրումներով այս թեման շահարկվում Ադրբեջանի՝ Բաքվի այդ քարոզչամեքենայի կողմից։ Մեկ բան ասեմ, որ Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ ներառյալ նաև օգտագործելով այն հնարավորությունները, որոնք տրամադրվում են, բխում են մեր դաշնակցային հարաբերություններից Ռուսատանի հետ»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջ էր քաշել հակամարտության լուծման փուլային տարբերակը։

Լրագրողի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, բանակցային սեղանին դրված է փուլայի՞ն, թե՞՝ փաթեթային տարբերակը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանեց. - «Եռանախագահող երկրները բազմիցս հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների և այն տարրերի հիման վրա, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, այսինքն՝ որպես փաթեթ, և փորձել առանձնացնել մեկ սկզբունքը, կամ դրույթներից մեկը մյուսներից, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։ Այս փաթեթային մոտեցումն է, որն առաջարկված է եռանախագահող երկրների կողմից, և դրա մասին նաև բազմիցս հայտարարվել է ներառյալ նաև ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, եռանախագահող երկրների կողմից։ Բայց, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք, և դրա մասին էլ մենք բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնականաբար, նկատի ունի նաև փուլային կիրառում այդ փաթեթային հանգուցալուծման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG