Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպում է Հանրապետական խմբակցության պատգամավորներին


Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներին:

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց իշխող ուժի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Սարգսյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով իր մոտեցումները, որից հետո արդեն Հանրապետականի պատգամավորները հարցեր կուղղեն նախագահի թեկնածուին։

Ի դեպ, Բաղդասարյանի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանն ինքն է հանդիպելու ցանկություն հայտնել։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել, թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ուժերին։

Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Վահրամ Բաղդասարյան. - Երկու օր առաջ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջարկություն եղավ, որ հանդիպում կայանա Հանրապետական խմբակցության հետ, և մենք տվեցինք մեր համաձայնությունը: Հանրապետական կուսակցության առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկություն էր արել Արմեն Սարգսյանին, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպի քաղաքական ուժերի հետ, և որից հետո կայացնի որոշում։ Այսօր այդ մեկնարկը սկսված է, նա առաջին հանդիպումը ցանկացել է որպեսզի կայանա Հանրապետական խմբակցության հետ: Բնականաբար, դրանից հետո նա կհանդիպի մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է նաև արտախորհրդարանական, հանրության լայն շրջանակների հետ, որից հետո՝ ժամկետներին համապատասխան, երբ որ իր որոշումը կայացնի, արդեն մենք կխոսենք առաջադրման մասին:

«Ազատություն»․ - Հանդիպման ֆորմատը ինչպիսի՞ն է, Դուք փորձելու եք ծանոթանա՞լ Արմեն Սարգսյանի ծրագրերին: Այսինքն՝ հանդիպմանը նպատակը ո՞րն է:

Վահրամ Բաղդասարյան․ - Մենք անում ենք խմբակցության սովորական նիստ: Եվ, բնականաբար, Արմեն Սարգսյանն իր մոտեցումներով հանդես կգա՝ ելույթով, որից հետո կլինեն հարցուպատասխաններ, ելույթներ: Իհարկե, սա եզակի է իր դեպքի մեջ, որովհետև մենք առաջին անգամն ենք, որպես այդպիսին, հանրապետության նախագահի թեկնածուի հարց քննարկում, որին պետք է ընտրի Ազգային ժողովը։ Իհարկե, բոլորը ճանաչում են մեր ներկայացրած թեկնածուին, բայց ոչ բոլորին է առիթ հանդիսացել որպեսզի ավելի մոտիկից՝ անմիջապես կենդանի շփում ունենա, և մենք ստեղծում ենք այդ առիթն իր առաջարկությամբ՝ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։

«Ազատություն». - Այս հանդիպումը խմբակցության պատգամավորների պատկերացումներում, կամ մոտեցումներում ինչ-որ բան փոխելո՞ւ է, ի վերջո, կարծես, Հանրապետականն ամբողջությամբ իր համաձայնությունը տվել է Սերժ Սարգսյանի առաջարկին, որ հենց նա է լինելու։

Վահրամ Բաղդասարյան. - Այս հանդիպման նպատակը նա չէ, որ խմբակցությունում ինչ-որ բաներ փոխվեն։ Մեր խմբակցությունն իր կարծիքը հայտնել է, այսինքն՝ քաղաքական ուժը։ Այս հանդիպման ժամանակ կարող է պատկերացումներն ավելի հստակեցվի թեկնածուի մոտ՝ Արմեն Սարգսյանի մոտ։ Նա հենց դրա համար է հանդիպում քաղաքական ուժերի հետ, որ իր պատկերացումները հստակեցնի, իր մոտեցումները հստակեցնի, այդ ժամանակն ինքն է խնդրել, որպեսզի հանդիպումից հետո ինքը կայացնի իր որոշումը։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ նաև ձեզ հետ հանդիպումներից հետո, ընդդիմադիր խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո, Արմեն Սարգսյանը որոշի, որ չի ուզում լինել նախագահի թեկնածու։

Վահրամ Բաղդասարյան. - Այ տեսնում եք, ենթադրություններով ենք մենք նորից ցանկանում առաջ շարժվել։ Ինքը խնդրել է ժամանակ, եթե խնդրել է ժամանակ, ոչինչ չի կարելի բացառել։

«Ազատություն». - Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ նա հասկանա, որ ծանր բեռի տակ է մտնելու։ Ձեր կարծիքով, ի՞նչն է նրան համոզելու, որ նա գա և յոթ տարի նախագահ լինի։

Վահրամ Բաղդասարյան. - Իր երկրի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Եթե մենք թեկնածու ներկայացրած լինեինք մի անձնավորության, որը հեռու է մեր երկրի ներքաղաքական իրավիճակից, արտաքին քաղաքական իրավիճակից, մենք այդ մտավախությունը կարող էինք ունենալ։ Ինքը մեր դիվանագիտական կորպուսի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է և շատ լավ պատկերացնում է Հայաստանը, Հայաստանի ապագան, և մենք այդ մտավախությունը, կարծես թե, չունենք։

Նշենք, որ առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, սակայն իշխող Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող ուժն առնվազն 14 պատգամավորի ձայնի կարիք ունի:

Ընդդիմադիր «Ելք»-ն արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին, և բնական է, որ Հանրապետականը պետք է փորձի ստանալ ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները:

«Ազատության» հարցին, թե բանակցություններ տարվո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի հետ, Հանրապետական խմբակցության ղեկավարն ուշագրավ պատասխան տվեց. «Բանակցությունները մենք չէ, որ պետք է վարենք, բանակցությունները պետք է վարի նախագահի թեկնածուն։ Անկեղծ, մենք որևէ նմանատիպ բանակցությունների ցանկություն չենք հայտնել՝ ոչ վարել ենք նման բանակցություններ, ոչ էլ կվարենք, որովհետև նախագահի թեկնածուն ինքն է քաղաքական ուժերի հետ հանդիպման ցանկություն հայտնել»։

Ի դեպ, թեև ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Հանրապետականի նախագահի թեկնածուին, սակայն Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև խորհրդարանում 9 պատգամավոր ունեցող դաշինքին։

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց «Ելք»-ից պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Արմեն Սարգսյանն իր հետ կապ է հաստատել և հանդիպելու ցանկություն հայտնել։ Բայց, քանի որ խմբակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանն այս շաբաթ Հայաստանում չեն լիենելու, պայմանավորվել են հանդիպել հաջորդ շաբաթ:

Չնայած նախատեսվող հանդիպմանը, Էդմոն Մարուքյանը վերահաստատեց «Ելք»-ի կողմից ավելի վաղ արված հայտարարությունն՝ իրենք դեմ ենք քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, «Ելք»-ն այդ հանդիպումը չի դիտարկում քվեարկության կոնտեքստում:

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

Հարցին, թե այդ դեպքում հանդիպումն ի՞նչ նպատակ է հետապնդում, Մարուքյանը պատասխանեց. - «Նախ նախաձեռնողը պարոն Սարգսյանն է, և մենք դեմ չենք հանդիպել և լսել պարոն Սարգսյանին, որից հետո նաև հնարավոր է, որ մենք էլ հարցեր ունենանք, մեր հարցերը տանք՝ քննարկենլ իրավիճակը, պարոն Սարգսյանի պատկերացումները, տեսլականը, որովհետև զուտ այդ հանդիպումները դիտարկել կողմ քվեարկելու կոնտեքստում, կարծում եմ, ճիշտ չէ»։

Ճշտող հարցին, թե անկախ հանդիպումից, «Ելք»-ը միանշանակ դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը, Մարուքյանը պատասխանեց. - «Այո՛»։

Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ առայժմ Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել։

Միքայել Մելքումյան, արխիվ
Միքայել Մելքումյան, արխիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG