Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաները Ռուսաստանի 48 շրջաններում անցան առանց լուրջ միջադեպերի


Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, Մոսկվա, 28-ը հունվարի, 2018թ․
Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, Մոսկվա, 28-ը հունվարի, 2018թ․

Երեկ հունվարի 28-ին Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում՝ շուրջ 48 շրջաններում ոստիկանության տվյալներով, անցել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կազմակերպած բողոքի ակցիաները։

«Ընտրողների գործադուլ» խորագրով ակցիաները անցել են մեծամասամբ առանց լուրջ միջադեպերի, այդ թվում նաև Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Նախկին երթերի համեմատ, դրանք հանգիստ էին: Ոստիկանները, ընդհանուր առմամբ, ճշտված տվյալներով 350 մարդու են ձերբակալել, գրեթե բոլորին ազատ էին թողել արդեն գիշերը։

Ակցիաների կազմակերպիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնուն ոստիկանությունը ձերբակալել էր Մոսկվայի Տվերսկայա փողոցում, մինչ այդ նա հասցրել էր շուրջ 6 րոպե քայլել իր համախոհների հետ, իսկ ձերբակալվելուց հետո կոչ էր արել շարունակել ակցիան: Կեսգիշերին Նավալնուն ազատ են արձակել:

Դիտորդները նկատում են, որ իշխանությունները որոշել են ընտրությունների նախօրեին չսրել իրավիճակը Ռուսաստանում, և դրանով է պայմանավորված ոստիկանության ավելի մեղմ վերաբերմունքը չարտոնված ակցիաների մասնակիցների նկատմամբ․ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Սանկտ Պետերբուրգում ակցիաները արտոնված չէին։

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում ակցիաները բավականին մարդաշատ էին: Ոստիկանությունն ասում է, որ Մոսկվայում փողոց էր դուրս եկել շուրջ հազար մարդ, կազմակերպիչները մասնակիցների մասին գիշերվա դրությամբ թվեր չէին հրապարակել, իսկ ռուսական մամուլը նշում էր, որ միայն մայրաքաղաքում ակցիային մասնակցել է շուրջ 3 հազար մարդ:

Մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին, զգալի մասը՝ դպրոցականներ, որոնք ընտրություններում քվեարկելու իրավունք չունեն:

Երեկոյան Նավալնուն ոստիկանությունում այցելել էր մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածու լրագրող Քսենիա Սոբչակը, ով Նավալնու կազմակերպած բողոքի ակցիաներին չէր մասնակցել, փոխարենը սեփական բողոքի ակցիան էր կազմակերպել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում՝ ի պաշտպանություն իրավապաշտպան Օյուբ Տիտիևի:

Ալեքսեյ Նավալնին, հիշեցնենք, իր կողմնակիցներին կոչ է անում բոյկոտել նախագահական ընտրությունները, չմասնակցել դրանց՝ ասելով, որ իշխանությունների համար կարևոր է մասնակիցների մեծ թիվը, թեև Ռուսաստանի օրենքների համաձայն՝ նախագահը ընտրվում է անկախ քվեարկության մասնակիցների քանակից:

Նավալնու կողմնակիցները երեկ Ռուսաստանի քաղաքներում վանկարկում էին՝ «Պուտի՛ն, գող», «Պուտի՛ն, հեռացի՛ր», «Առանց Նավալնու ընտրությունները ընտրություններ չեն» կարգախոսները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանելով երեկվա ակցիաները և պատասխանելով հարցին՝ արդյոք դրանք վնաս չեն հասցնում Պուտինի վարկանիշին՝ ասել է, թե Պուտինն այսօր այնքան բարձ վարկանիշ ունի, որ անհասանելի է իր բոլոր մրցակիցների համար:

«Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ Պուտինն այսօր ռուսատանի քաղաքական դաշտի միանշանակ առաջնորդն է, ում հետ այս պահին որևէ մեկը չի կարող մրցակցել», - ասել է Պեսկովը՝ հավելելով․ - «Պուտինը վայելում է հասարակության վստահությունը ոչ միայն Ռուսաստանում»։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինի աջակիցներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու նրան առաջադրելու համար անհրաժեշտ 300 հազար ձայները: Նա, հիշեցնենք, ընտրություններին մասնակցում է որպես ինքնառաջադրված թեկնածու։

Ընտրությունները Ռուսաստանում մարտի 18-ին են: Փորձագետները կասկածից վեր են համարում, որ դրանցում արդեն չորրորդ անգամ հաղթելու է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, և սա, եթե առաջիկա վեց տարիներին չփոխվի Սահմանադրությունը, 65-ամյա Պուտինի որպես նախագահ պաշտոնավարման վերջին տարիներն են լինելու:

Ալեքսեյ Նավալնուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերին հրաժարվեց գրանցել որպես նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG