Մատչելիության հղումներ

Վրաստանում քննարկվում է նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի առաջադրման հարցը


Արդյո՞ք Վրաստանի ամենահարուստ գործարարը` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կպայքարի երկրի հինգերորդ նախագահի պաշտոնի համար: Վերջին օրերին այս հարցը Թբիլիսիում սկսեց բավական ակտիվորեն քննարկվել` շրջանառվող տարատեսակ լուրերի և իշխող քաղաքական ուժից եկող իրարամերժ ազդակների ֆոնին:

Ուրբաթ օրը, մեկնաբանելով Իվանիշվիլիի հնարավոր առաջադրումը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում, պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարեց. - «Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո որոշեց հեռանալ քաղաքականությունից: Բայց եթե նա այնուհանդերձ որոշի վերադառնալ և մասնակցել ընտրություններին, ես այդ որոշումը միայն կողջունեմ»:

«Վրացական երազանքի» մեկ այլ առանցքային անդամ` խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հակառակը` Իվանիշվիլիի առաջադրման հեռանկարը քիչ հավանական է համարում:

«Իվանիշվիլին տարիներ առաջ է քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրել և այդ որոշումը չի փոխել: Ամեն դեպքում վստահ եղեք` ով ուզում է լինի «Վրացական երազանքի» թեկնածուն աշնանըկայանալիք ընտրություններում` նա լուրջ մրցակից չի ունենա», - նշում էր վրացական խորհրդարանի ղեկավարը:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ևս առայժմ քիչ հավանական են համարում Իվանիշվիլիի առաջադրման հնարավորությունը:

«Կարծում եմ, որ Իվանիշվիլին չի հրաժարվի երկրի ոչ ֆորմալ կառավարչի կարգավիճակից` անձամբ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով», - նշում էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» խորհրդարանական խմբակցության անդամ Ռոման Գոցիրիձեն:

Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին չեն բացառում, որ Իվանիշվիլին կցանկանա մասնակցել նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտարարեց լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

«Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն էլ լրագրողների հետ զրույցում նշում էր, որ առաջիկա ընտրություններում հենց ինքն է լինելու Իվանիշվիլիի հիմնական մրցակիցներից մեկը:

Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները երկրի ղեկավարի վերջին ուղղակի ընտրությունները կլինեն: 2018-ին ընտրված նախագահը կպաշտոնավարի վեց տարի իսկ 2024 թվականից արդեն Վրաստանի նախագահին կընտրի խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG