Երկու ամսից նախագահի լիազորությունները վայր դնող Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց, որ անձամբ մասնակից է լինելու բանակի արդիականացման 7-ամյա ծրագրին՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ պաշտոնում, կամ ձևաչափով։
Բանակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարության մշակած ծրագրի նպատակն է ունենալ ժամանակակից զինված ուժեր։
«Շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ », - ասաց Սերժ Սարգսյանը։
Մինչև հունվարի 28-ը Բանակի արդիականացման 7 տարվա ծրագիր մշակելու հանձնարարական Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին տվել էր դեռ անցած տարի։ Նախօրեին Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը պատրաստ է և ներկայացվել է նախագահին։
Թե հատկապես ի՞նչ փոփոխություններ է նախատեսվում կատարել բանակում, առայժմ հստակ չէ, պաշտպանության նախարարն այսօր չցանկացավ խոսել այդ մասին։ «Դրա համար ուրիշ ձևաչափ կա։ Մենք անպայման դրան կանրադառնանք», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նշենք, որ նախորդ տարիների համեմատ, կառավարության անդամները թանկարժեք մեքենաների փոխարեն, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին եկել ընդհանուր միկրոավտոբուսով, սակայն պաշտոնյաներին տեղափոխող միկրոավտոբուսի հետևից, մևնույն է ընթանում էին նրանցից մի քանիսի ծառայողական մեքենաները։ Լրագրողների հարցին, թե սա ձևակա՞ն արարողակարգ է, թե՞՝ պարզապես բյուջեի տնտեսում, վարչապետը պատասխանեց․ - «Արարողակարգից հարցրեք»։
Նախագահի մասնակցությամբ արարողակարգից հետո, ոչ պակաս ճոխ ընդունելությամբ «Եռաբլուր» եկավ Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ, Հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանը։
Վերջինս խոսեց բանակի արդիականացման թեմայից՝ ընդգծելով, որ նախևառաջ հարկավոր է ունենալ բարոյահոգեբանորեն պատրաստված լավ զինվորներ ու սպաներ։
Հարցին, թե բանակին ու իշխանություններին չի՞ մտահոգում, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը հարձակվողական սպառազինություն է մատակարում Ադրբեջանին, ԵԿՄ ղեկավարը պատասխանեց․ - «Դե միշտ էլ զենք-զինամթերք նրանք գնում են հիմնականում Ռուսաստանից, բայց նաև Բելառուսիայից, Ուկրաինայից, Իսրայելից․․․ ով ծախում ա, փողն ունեն, նրանք էլ տալիս են, առնում են»։
Դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և հենց սա է հարուցում հանրության դժգությունը, Գրիգորյանն այսպես արձագանքեց․ - «Դե ռազմավարական դաշնակից է, բայց որ մեկը զենքը ծախում է, մյուսն էլ առնում է, թեև իմ համար նորմալ չէ, անկախ նրանից, թե ով է իմ թշնամուն զենք տալիս։ Եթե ասեմ նորմալ է, չե՞ս մտածի՝ ես գիժ եմ, թե՝ նորմալ եմ»։
Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնեց, որ Բաքու է հասել Ռուսաստանից գնված ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակը, որը անմիջապես ուղարկվելու է հայ-ադրբեջանական շփման գոտի:
Հավելենք նաև, որ ԵԿՄ ղեկավարի հետ այսօր «Եռաբլուր» էր եկել կարկառուն հանրապետական, Սյունքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նա խոսեց քաղաքական թեմաներից, ասաց, որ շարունակում է ակտիվ աշխատել։
Հարցին, թե կցանկանա՞ր ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում, բազմաթիվ աղմկոտ միջադեպերով հայտնի նախկին մարզպետնը պատասխանեց․ - «Պետք է ընդամենն ուրախանան, որ Սերժ Սարգսյանը համաձայնի վարչապետի պաշտոնում»։