Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը չի կարող այդ պաշտոնում վերընտրվել հեռակա կարգով: Նման որոշում է կայացրել Իսպանիայի Սահմանադրական դատարանը:
Երկրի բարձրագույն դատակա ատյանի ներկայացուցիչները պնդում են, որ եթե Պուչդեմոնը ցանկանում է կրկին ստանձնել Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը, ապա պետք է Բրյուսելից վերադառնա Բարսելոնա` Կատալոնիայի խորհրդարանի անդամներին անձամբ ներկայացնելով իր ծրագիրը և մասնակցելով իր թեկնածության քննարկմանը:
Պուչդեմոնի դեմ, սակայն, դեռ հոկտեմբեր ամսին քրեական գործ է հարուցվել․ իսպանական դատախազությունը նրան մեղադրում է կենտրոնական իշխանության դեմ խռովություն հրահրելու մեջ, ուստի վերադարձի դեպքում Պուչդեմոնը կարող է ձերբակալվել:
Հոկտեմբերից Բրյուսելում գտնվող Պուչդեմոնը, հիշեցնենք, երկրամասի նորընտիր խորհրդարանի կողմից կրկին առաջադրվել է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում:
Ըստ ամենայնի, Կատալոնիայի նորընտիր խորհրդարանn ինքնավարության նոր ղեկավարին կընտրի հունվարի 30-ին:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, սակայն, հայտարարում էր, որ եթե Պուչդեմոնը փորձի հեռակա կարգով` Բրյուսելից ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, ապա Մադրիդը ստիպված կլինի պահպանել Կատալոնիայի ուղղակի կառավարման ռեժիմը