Մատչելիության հղումներ

«ՀՀ զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը»․ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ


«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը», - այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչն է: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայություն և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի առանձնահատուկ ընկալում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հայկական բանակը համաժողովրդական բանակ է, ասել է Հայաստանի նախագահը՝ նշելով, որ այն ստեղծման օրվանից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը փայփայելու և գուրգուրելու են իրենց առաջնեկին։

«Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ երկար ընդմիջումից հետո տեսավ հայկական զինական ուժի վերածնունդը, տեսավ նրա ամրացումն ու կայացումը: Մենք այն սերունդն ենք, որը ոչ միայն տեսավ, այլև մասնակիցը և վերակերտողը դարձավ այդ բանակի: Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ազատամարտիկները, իսկ հետագայում արդեն զինվորներն ու սպաները անցան փառահեղ մարտական ուղի՝ դնելով այսօրվա բանակի հիմքերը:

«Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար: Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ:

Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը: Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը», - ասել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG