Մատչելիության հղումներ

«Վերադարձ նախկին դրույքաչափերին անհնար է և անիմաստ». Խոսրով Հարությունյան


«Ելք»֊ը մտադիր է խորհրդարանում պնդել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկները՝ չնայած մեկ անգամ արդեն մերժվել է, «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ կշարունակեն թանկացումների և հարկային բեռի ավելացման դեմ փողոցային պայքարը:

«Փոփոխությունների նախագիծը հիմա պատրաստվում է, կրկին շրջանառության մեջ կդրվի։ Եկամտահարկի նախնական դրույքաչափերի բերում միանշանակ կլինի, ավելացված արժեքից ազատում՝ դիզվառելիքը և բենզինի ու գազի համար աքցիզային հարկի նվազեցում՝ էլի նախկին դրույքաչափերի», ֊ մանրամասնեց Գորգիսյանը։

«Վերադարձ նախկին դրույքաչափերին անհնար է և անիմաստ», ֊ արձագանքելով ընդդիմության պահանջին՝ հայտարարեց Ազգային ժողովի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Իշխող Հանրապետականի պատգամավորի հաշվարկներով, հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ մինչև 280,000 աշխատավարձ ստացողները ավելի շատ եկամտահարկ էին վճարում։

Խոսրով Հարությունյանի խոսքով, եթե որոշեն գնալ փոփոխությունների, կառաջարկեն նվազեցնել ավելի ցածր աշխատավարձ ստացողների եկամտահարկը՝ փոխարենն ավելացնելով բարձր ստացողների հարկային բեռը։

Հարությունյանը գիտի, որ շատերն այդ առաջարկից չեն երջանկանա. ֊ «Խոսքը 150-200-220 հազար աշխատավարձ ստացողների մասին է։ Դրանից բարձրները, քանի որ նրանք, այդուհանդերձ այս գների բարձրացմանը իրենց տնօրինվող եկամուտներով փաստացի դիմագրավելու ավելի մեծ կարողություններ ունեն, մենք չենք ուզում այդ խնդիրը նրանց համար լուծել։ Խոսքը 23֊ից ավելի նվազեցնելու մասին է, ոչ թե մեկ տոկոս։ Մտածենք, բայց բալանսը չխախտենք, որովհետև բյուջեն բավականին լարված է։ Մենք փորձենք այս տարբերությունը տեղափոխել ավելի բարձր աշխատավարձ ստացողներին։ Խնդիրը կայանում է հետևյալում՝ ինչպես անենք, որ այն փոքր, միջին աշխատավարձ ստացողները այս գների պայմաններում չխեղճանան»։

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքով 150,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը ավելացել է 2 տոկոսով՝ 26-ի փոխարեն կազմելով 28 տոկոս: Նվազել է մինչև 150,000 դրամ ստացողների եկամտահարկը՝ կազմելով 23 տոկոս: 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողները վճարում են 36 տոկոս եկամտահարկ:

Որոշ փորձագետներ կարծում են, որ հարկերի ծանրացումը կոնկրետ հասցեատեր ուներ՝ միջին խավը, որպեսզի մարդիկ չկարողանան մեջքն ուղղել։ Մեկնաբանելով նման կարծիքները՝ Խոսրով Հարությունյանը, մասնավորապես, ասաց. ֊ «Շատ վիճելի հարց է, թե միջին խավը որն է։ Ուրեմն եթե իմ աշխատաշուկայի 90 տոկոսը ստանում է մինչև 280,000 աշխատավարձ, կներեք՝ ո՞րն է միջին խավը»։

«Ազատության» դիտարկմանը, թե տնտեսագետները հայտարարում են, որ կա ստվերային շրջանառություն, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահը հակադարձեց. ֊ «Իսկ այդ նույն տնտեսագետները արդյոք չե՞ն փաստում, որ ստվերային շրջանառությունը ոչ թե մեկ միլիոն, երկու միլիոն աշխատավարձ ստացողի մոտ է, այլ հիմնականում փոքր աշխատավարձ ստացող։ Հետևաբար, եթե դուք նրա դրույքաչափը դարձնեք, օրինակ, քսան տոկոս, որը նույնն է, ինչ շահութահարկը, այդ դեպքում որևէ գործարար ստվերային, ծրարով վարձատրվող աշխատողի կարիք չունի, որովհետև իր համար տարբերություն չկա՝ միևնույնն է, ինքը նույն դրույքաչափով է վճարում, ինչ որ շահութահարկը։ Հետևաբար դրույքաչափը այն չափ դարձնենք, որ և՛ գործատուի համար, որ աշխատավարձ է վճարում, և՛ աշխատավարձ ստացողի համար ձեռնտու լինի սպիտակ դաշտում աշխատել»։

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ պնդել էր, որ քայլեր անում են գնաճի բացասական հետևանքները զսպելու ուղղությամբ. Խոսրով Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը հանդես են եկել Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկով, որն ընդունվելու դեպքում կնվազի տրանսպորտային փոխադրումներ իրականացնողների հարկային բեռը։ Արդյունքում՝ հեղինակներից Խոսրով Հարությունյանի պնդմամբ, հնարավոր կլինի խուսափել տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացումից։ Հիշեցնենք՝ Regular տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն արդեն վաճառվում է 440 դրամով, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը՝ 390-ից հասել է 440 դրամի, 30-40 դրամով էլ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը, ինչի առնչությամբ ուղևորափոախդրումներ իրականացնողները պնդել էին, որ եթե Կառավարությունը քայլեր չձեռնարկի, ստիպված կլինեն թանկացնել ուղեվարձը։

Բացի այդ, գյուղնախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը նախատեսում է իրականացնել դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են դիմել գյուղացիական տնտեսությունները։

«Ելք»֊ից Գևորգ Գորգիսյանը, կոսմետիկ որակելով իշխանության նախատեսած քայլերը, հայտարարեց․ ֊ «Ունենք մենաշնորհ դիզվառելիքի ներմուծման, և փաստացի ի՞նչ է արվում՝ պետության հաշվին, մեր՝ հարկատուներիս հաշվին, վերցվում է բյուջեից գումար, տալիս է մենաշնորհով օլիգարխին, որպեսզի նա ավելի էժանով վաճառի այդ դիզվառելիքը գյուղացիներին։ Այսինքն կրկին մենք ունենք պետական ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG