Մատչելիության հղումներ

Հայկական խելացի դրամապանակի՝ Volterman-ի նախնական առաքումներն ուշանում են


Հայկական խելացի դրամապանակ Volterman
Հայկական խելացի դրամապանակ Volterman

Հայկական առաջին խելացի դրամապանակի՝ Volterman-ի շուրջ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մեծ աղմուկ է բարձրացել: Բոլոր այն մարդիկ, որոնք ամիսներ առաջ վճարել էին այդ դրամապանակը ձեռք բերելու համար, դեռ չեն ստացել այն: Մինչդեռ նախնական պատվերներն ընդունած հեղինակները խոստացել էին, որ արտադրանքը գնորդներին կհասնի 2017-ի դեկտեմբերին:

Նիկիտա Մելիքյանը, ոգևորվելով հայկական արտադրանքով, հունիսին գնել էր դրամապանակը, որը պետք է ստանար դեկտեմբերին: Ասում է՝ թեև պատրաստ է դեռ մի քանի ամիս էլ սպասել, բայց և կարծում է, որ այսօրինակ երևույթներն ի վերջո կհանգեցնեն նոր ստարտափերի հանդեպ վստահության կորստին:

«Ամեն բաց թողում իր մինուսն ունի, որովհետև եթե դու ասում ես՝ պետք է անես: Եթե չես անում, բնականաբար, քո խոսքն էլ ուժ չի ունենում: Ու մնացածի հանդեպ էլ ընդհանուր կարծիք է ստեղծվում, որ եթե հայերը մասնակից են, ուրեմն հաստատ էն չի լինելու»,- ասում է Նիկիտա Մելիքյանը:

Անցած հունիսին Indiegogo հարթակում մեկնարկեց Volterman-ի ստեղծմանն աջակցող դրամահավաքը: Մինչև այսօր ավելի քան 12 հազար մարդ, որոնցից 400-ը Հայաստանից, կանխվաճար է տրամադրել՝ ընդհանուր գումարը հասցնելով մոտ 1 մլն 700 հազար դոլարի: Volterman-ի գինը ներկայումս տատանվում է 115-175 դոլարի միջակայքում:

Այս հարցի շուրջ սոցցանցերում բուռն քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում: Դժգոհ օգտատերերից մեկն, օրինակ, գրել է․ «Այս ընկերությունը շարունակում է հետաձգել առաքման ժամկետները՝ դեկտեմբերի սկզբի փոխարեն նշելով փետրվարը: Ոչ մի ապացույց չի տրամադրվում այն մասին, որ ապրանքի առաքումը կանգ է առել, իսկ պատվերների ընդունումը շարունակվում է»:

Ըստ նորարարության հեղինակների՝ եթե դրամապանակը որևէ տեղ մոռանաք կամ այն գողանան, խելացի համակարգն ազդանշան կուղարկի ձեր հեռախոսին ու կլուսանկարի դրամապանակը բացող ենթադրյալ գողին կամ այն առաջինը հայտնաբերողին։ Volterman-ը նաև բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն է տալու։ Այն փողն ապահով պահելուց զատ՝ նաև Wi-Fi ազդանշան տարածելու հնարավորություն է ունենալու, նաև ՝ հիշողության այլընտրանքային բանկ՝ հեռախոսի աշխատանքը չծանրաբեռնելու համար։

Ինչո՞ւ նախապես վճարում կատարած գնորդներից ոչ մեկը դրամապանակը դեռ չի ստացել: Նախագծի հեղինակ Ազատ Թովմասյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ խնդիրն իրենց պատճառով չի առաջացել: Ըստ նրա, միջազգային ճգնաժամի պատճառով խոշոր արտադրողները հետաձգեցին Volterman-ի կոմպոնենտների մատակարարման ժամկետները: «Արդյունքում՝ ումից որ մենք գնում էինք, բարձր գներ առաջարկեցին, որում չէինք կարող տեղավորվել»,- ասաց Թովմասյանը: Արդյո՞ք այս վիճակի պատճառով հանրության վստահության նվազման խնդիր չի առաջանա՝ նախագծի հեղինակն ասում է՝ նման դեպքերը բազմաթիվ են, և իրենք միակը չեն:

«Մոտ 90 տոկոսի դեպքում ուշանում է, քանի որ դա գալիս է պրոդուկտի առանձնահատկությունից: Աշխարհում դեռ նման պրոդուկտներ չկան, զրոյից սկսվում են: Կարող է ճանապարհին ճիշտ ժամկետները հաշվարկած չեն լինում, հանդիպում է որոշակի խոչընդոտների, բնական է՝ էդ ժամանակը երկարում է»,- ասաց Ազատ Թովմասյանը:

Volterman-ի առաքման ձգձգումներին զուգահեռ նաև կասկածի տակ է առնվում դրա հայկական լինելը: Սակայն Ազատ Թովմասյանն ասում է՝ իրենք նույնիսկ հնարավորություն են ունեցել դրամապանակն ամբողջությամբ Չինաստանում պատվիրելու, սակայն կարևորել են հենց հայկական արտադրանք ունենալու հանգամանքը:

«Պլատաները, որոնք մեր դրամապանակի որոշ մասն են կազմում, տպագրվում, արտադրվում են Չինաստանում: Դրանից հետո աշխարհի մի շարք երկրներից գնվում են կոմպոնենտները, որոնք նույնպես Հայաստանում գոյություն չունեն և չեն արտադրվում այստեղ, որից հետո դա գալիս է Հայաստան, կաշվե փաթույթի մեջ է դրվում, անվտանգությունն է իր վրա տեղադրվում, դրանից հետո արդեն փաթեթավորվում է»,- բացատրեց նախագծի հեղինակը:

Ընկերությունից հայտնում են՝ արտադրանքը կսկսեն առաքել փետրվարին, սակայն, միևնույն ժամանակ, չեն բացառում, որ կարող են նոր հետաձգումներ լինել: Հնարավոր է, որ այս տարվա հունիսին նաև օնլայն վաճառք կազմակերպվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG