Մատչելիության հղումներ

Հայաստանից Եվրադատարան ներկայացված դիմումների թիվը կրկնակի պակասել է


Եվրոպական դատարանը հրապարակել է 2017-ի վիճակագրությունը, ըստ որի Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված է անդամ երկրների առաջին տասնյակում։

Այդուհանդերձ, ըստ զեկույցի, 2017-ին Հայաստանից դատարան է ուղարկվել 356 դիմում, ինչը կրկնակի անգամ պակաս է 2016-ի ցուցանիշից՝ 753 դիմում։

2017-ի ընթացքում դատարանը մերժել է վարույթ ընդունել Հայաստանից ուղարկված դիմումներից 109-ը, 44-ը կոմունիկացվել է, այսինքն Կառավարությանը հարցեր են ուղարկվել, իսկ 12-ի վերաբերյալ վճիռ է կայացվել:

Եվրոպական դատարանի վիճակագրության համաձայն, 2017-ի ընթացքում Հայաստանի մասով ընդունված 12 որոշումներից 11-ի դեպքում արձանագրվել է մարդու իրավունքների առնվազն մեկ խախտում։ Դրանց մեջ առավել մեծ տեղ են գրավում արդար դատաքննության, ազատության ու անվտանգության իրավունքների հետ կապված խախտումները։

Ինչպես նշվում է Եվրոպական դատարանի զեկույցում, այս պահին դատարանում քննության է սպասում 1819 դիմում, որը կազմում է դատարանում գտնվող դիմումների 3.2 տոկոսը։

Հնչեղ գործերով հայտնի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով Եվրոպական դատարանի զեկույցը, նշեց՝ այն ունի թե՛ բացասական, և թե՛ դրական նշանակություն ունի։ - «Իմ կարծիքով դա երկու փաստով կարող է պայմանավորված լինել: Առաջինը՝ բացասականը, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ են սկսվել մարդու իրավունքների խախտումներ թույլ տրվել, ավելի ցայտուն են դրանք դրսևորվում: Իսկ երկրորդը՝ դրականը, պիտի նշեմ, որ փաստաբանական համայնքում ավելի շատ գրագետ աշխատանք է իրականացվում և փաստաբանները ավելի շատ են սկսել դիմել Եվրոպական դատարան, իսկ Եվրոպական դատարանն էլ իր հերթին Հայաստանի ներկայացված գանգատներից շատերի վերաբերյալ ոչ միայն վարույթ է ընդունում, այլ նաև բավարարում», - նշեց Պապիկյանը:

Պապիկյանը պնդում է, որ Հայաստանում վերջին տարիներին մարդու իրավունքների խախտումներն ավելացել են։ Նրա կարծիքով՝ 2018-ին և 2019-ին Եվրոպական դատարան ուղարկվող բողոքների թիվը կավելանա՝ «հաշվի առնելով այս պահին ընթացող բազմաթիվ դատավարությունները, դրանց հարակից այլ գործերը»:

Փաստաբանը նշում է, որ հատկապես քաղաքական գործերով դատական նիստերը ինքնախաբեություն են, որոշ գործերի դատական քննության հենց սկզբում պարզ է դառնում, որ դրանք Եվրոպական դատարան ուղարկվող գործեր են․ ֊ «Ի սկզբանե՝ արդեն առաջին ատյանում քննության ժամանակ կանխատեսելի է, որ մենք արդարադատություն չենք ունենալու: Այս բացասական տենդենցը շարունակություն կունենա և բավականին մեծ տեմպերով»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 10-ից ավելի դիմումներ ունի Եվրոպական դատարանում, դրանցից մի քանիսն արդեն կոմունիկացվել են։ Սաքունցը նշում է, որ Եվրոպական դատարանի որոշումների շնորհիվ է, որ հայաստանյան օրենքներից երկուսում՝ օրինակ այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարվեց․ ֊ «Երկրորդ փոփոխությունը դա քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանման մասին 309.1 հոդվածի ներգրավումն էր, որը մինչև այդ չունեինք: Ըստ էության՝ հենց Եվրոպական դատարանի որոշումների ազդեցության ներքո, իհարկե՝ գումարած նաև միջազգային կառույցների զեկույցների ազդեցությամբ, այնուամենայնիվ, ընդունեցին»:

Իրավապաշտպանները ևս նշում են, որ Եվրոպական դատարանում Հայաստանից ուղարկվող գործերի առատությունը, խախտումերի արձանագրումը վկայում է ոչ միայն փաստաբանների արհեստավարժության, այլ նաև իրավունքների համատարած խախտումների մասին։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ուշադրություն է հրավիրում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ կապված Եվրոպական դատարանի որոշմանը։

«Եթե Վճռաբեկ դատարանի նախագահի անունը նշված է Եվրոպական կոնվենցիան խախտող՝ Եվրոպական դատարանի վճռի մեջ և այդ մարդը շարունակում է պաշտոնավարել, դե պատկերացրեք այս երկրում արդարադատության վիճակը», ֊ ասում է Ալեքսանյանը:

Ինչպես նշվում է Եվրոպական դատարանի զեկույցում, այս պահին դատարանում քննության է սպասում Հայաստանից ուղարկված 1819 դիմում, որը կազմում է դատարանում գտնվող դիմումների 3.2 տոկոսը։ Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Եվրոպական դատարանի զեկույցին կանդրադառնան ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG