Մատչելիության հղումներ

Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը կհարցաքննվեն Ժիրայր Սեֆիլյանի գործով


Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ

Այսօր կայացած նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատարան կանչել և հարցաքննել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին և Պավլիկ Մանուկյանին, ովքեր Սեֆիլյանի ու Սաֆարյանի հետ անցնում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով։

Գարեգին Չուգասզյանի հարցաքննությունը դատարանն անհնար համարեց, քանի որ ընդդիմադիր գործչի գտնվելու վայրը հայտնի չէ․ նա հետախուզվում է իրավապահների կողմից։ «Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը և նախապատրաստությունը, ենթադրաբար՝ Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ կատարելու համար: Այսինքն՝ դատարանը փաստում է, որ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին կարող են հայտնի լինել սույն քրեական գործով պարզման ենթակա հանգամանքներ»,- հայտարարեց դատավորը:

Արդեն հաջորդ նիստին Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը կհարցաքննվեն որպես վկաներ: Առայժմ, սակայն, անորոշ է՝ արդյո՞ք դատարանի դահլիճում նրանք «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին հանդիպելու հնարավորություն կունենան: Հայտնի չէ նաև՝ Սեֆիլյանը կկարողանա՞ հարցեր ուղղել Պավլիկ Մանուկյանին ու Վարուժան Ավետիսյանին:

Դատարանը նիստի կարգը խախտելու համար Սեֆիլյանին ութ ժամով հեռացրել է դահլիճից: Այսօր էլ երկու անգամ մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ նրան դահլիճ վերադարձնելու վերաբերյալ: «Դատարանը գնահատում է, որ միջնորդությունը հիմնավորված չէ, որոշում է այն մերժել, միևնույն ժամանակ հաստատում է դատարանի այն դիրքորոշումը, որ դատարանն այս գործողություններով չի զրկում ամբաստանյալին արդար դատաքննության իրավունքն իրացնելուց, նաև նշված ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իր իրավունքն իրացնելու տեսանկյունից: Այլ հակառակը՝ ամբաստանյալ Սեֆիլյանն իր դիտավորյալ գործողություններով զրկել է իրեն այդ իրավունքների իրացումից»,- ասաց դատավորը:

Չնայած դատավորի արգելքին՝ նախորդ նիստերին Սեֆիլյանը տեղից խոսել էր, հայտարարելով, որ հրաժարվում է մասնակցել իր դատավարությանը, քանի դեռ չի կատարվել «Սասնա ծռեր» խմբի երկու անդամների պահանջը՝ իրենց Արմավիրի կալանավայր տեղափոխելու վերաբերյալ: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ սանկցիա էր կիրառել Սեֆիլյանի նկատմամբ:

Փաստաբան Տիգրան Հայրապետայնն այսօր միջնորդեց փոխել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը և գոնե գրավի դիմաց ազատ արձակել: «Ըստ էության, դատաքննությունն ավարտված է: Հանրությանը, փաստորեն, արդեն պարզ է, որ Ժիրայր Սեֆիլյանը որևէ հակաօրինական արարք չի կատարել, այլևս կարիք էլ չկա, որ դատարանը քննի Ժիրայր Սեֆիլյանի մեղավորության հարցը, որովհետև հասարկությանն արդեն պարզ է, որ Սեֆիլյանը քաղբանտարկյալ է»,- դատարանում հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանն ասում էր՝ Սեֆիլյանն անգամ ցանկության դեպքում արդեն չի կարողանա ազդել վկաների վրա, խոչընդոտել քննությանը և ապացույցներ վերացնել: Պնդեց նաև, որ ողջ դատավարության ընթացքում կոպտորեն ոտնահարվել են նրա իրավունքները․ ընդդիմադիր գործիչն անգամ խոսելու հնարավորություն չի ունեցել․ «Խնդրում եմ՝ Ժիրայր Սեֆիլյանին հնարավորություն տաք, որ նա զբաղվի քաղաքական գործունեությամբ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց վերացրեք: Հասարակությունը չի ընդունի մեղադրական դատավճիռը, հասարակությունը չի հասկանում, թե ինչու Ժիրայր Սեֆիլյանը չկարողացավ մեկուկես տարվա ընթացքում գոնե մեկ հայտարարությամբ հանդես գալ: Չի հասկանում, թե ինչպես եղավ, որ Սեֆիլյանը չմասնակցեց իր երեք մեղադրանքների գործով դատաքննության 90 տոկոսին»,- շարունակեց փաստաբանը:

Մեղադրող դատախազը դեմ էր, որ Սեֆիլյանն ազատ արձակվի, ավելին՝ հայտարարեց, թե նրան ծանր պատիժ է սպասվում: «Հանրային վտանգավորությունը բարձր է այնքանով, որ վերջինիս մեղսագրվում են հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ: Բացի այդ՝ վերջինիս սպասվելիք ծանր պատիժը հիմք է տալիս ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է թաքնվել»,- հայտարարեց մեղադրողը: Մոտ կես ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ դատավորը մերժեց Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու միջնորդությունը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ այսօր դատարանում ընթերցեց Ազգային անվտանգության ծառայության դեռևս 2014 թվականի մայիսի միջնորդությունը՝ գաղտնալսել Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսային խոսակցություններն ու կարդալ էլեկտրոնային նամակները, ինչից հետո փաստաբանը եզրակացրեց․ «Ինչում եմ սա ասում, որպեսզի պարզ դառնա՝ Ժիրայր Սեֆիլյանը քրեական գործի հետ կապ ունի՞, թե չե: Թե՞ սա հաշվեհարդար է իր քաղաքական հայացքների համար: Պետք էր այդ անձին մեկուսացնել, մեկուսացրեցին: Պետք էր, որ դատարանում չխոսի, դա էլ արեցին»:

Ըստ մեղադրանքի, Ժիրայր Սեֆիլյանը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռք բերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի։ Նրա դեմ դատարանում վկայել է այս գործով անցնող միայն մեկ մեղադրյալ՝ Հովհաննես Պետրոսյանը՝ պատմելով, թե «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի հետ ծանոթացել է «Ֆեյսբուքի» միջոցով, հետո նրանից հրահանգ ստացել՝ պատրաստվել Նորքի հեռուստաաշտարակը գրավելուն։ Որոշ մեղադրյալներ ցուցմունք են տվել, թե Սեֆիլյանին միայն հեռուստացույցով են տեսել, անձամբ չեն ճանաչում։ Այնինչ, ըստ մեղադրանքի, նրանք Սեֆիլյանի ստեղծած զինված հանցախմբի անդամներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG