Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը դեմ չէ ռուս գործընկերների հետ քննարկել Բաքվին զենք վաճառելու հարցը


Արտաշես Գեղամյան, արխիվ
Արտաշես Գեղամյան, արխիվ

Գեղամյանի հավաստմամբ՝ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դեմ չէ, որպեսզի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը քննարկվի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Նշենք, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին՝ գրելով. - «Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին: Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»։

Արտաշես Գեղամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեմ չէ հարցի քննարկմանը և չի կարծում, որ հանձնաժողովի որևէ անդամ դեմ արտահայտվի:

Հարցին, թե ռուսական կողմը նո՞ւյնպես կհամաձայնի օրակարգային դարձնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը, Գեղամյանը պատասխանեց, թե չի կարող նրանց փոխարեն պատասխանել, ամեն դեպքում վստահեցրեց՝ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ, և չի եղել որևէ դեպք, երբ որևէ կենսահույզ հարց բարձրացվի և թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմից չքննարկվի:

Ի դեպ, նկատենք, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը դեռևս հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում չի ընդգրկվել:

Ինչպես տեղեկացրեց Գեղամյանը, հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան երկու անգամ, այս տարվա առաջին նիստն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 6-8-ը՝ նախ Մոսկվայում, ապա՝ Մուրմանսկում:

Հանձնաժողովի օրակարգը կձևավորվի մարտ-ապրիլ ամիսներին՝ համատեղ կարգով: Եվ եթե ռուսները հայկական կողմի առաջարկը չմերժեն, ապա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցն առաջին անգամ կընդգրկվի Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում:

Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրել էր, որ հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։

Ըստ այդ հաղորդագրության, զենքի այդ տեսակը «հաջողությամբ կիրառվել է» 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ, և նոր խմբաքանակի մեծ մասը դարձյալ փոխանցվելու է առաջնագծի ռազմական ստորաբաժանումներին։

Այն, ինչ անում է Ռուսաստանը՝ պարբերաբար զինելով Ադրբեջանին, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը որակում է դավաճանություն ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի նկատմամբ։ Սաֆարյանը տարակուսելի է համարում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, թե դեմ չէ ռուս գործընկերների հետ քննարկել զենքի վաճառքի հարցը, ընդգծելով՝ հայ պատգամավորները պարտավոր են այդ հարցին անդրադառնալ:

«Հանուն արդարության ասեմ, որ նոր չէ, որ պետք է դա անեին, այլ տարիներ առաջ, երբ տարբեր ձևաչափեր ավելի շատ վերածվում էին ճամփորդական ակումբների, քան թե նման կարևորագույն հարցեր բարձրացնելու համար էին: Եթե խորհրդարանական և գործադիր դիվանագիտության այդ անգործությունը չլիներ, թերևս 2008 թվականից այս կողմ 5 միլիարդ դոլարի գործարք չէր կայանա, այդքան մատակարարումներ չէին լինի և Ռուսաստանին կպարտադրվեր, այնուամենայնիվ, ետ կանգնել այդ խելահեղ մտքից և քաղաքականությունից, որը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն Հայաստանի, սեփական դաշնակցային պարտավորությունների նկատմամբ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանը, իբրև ԵԱՀԿ Մնիկսի խմբի համանախագահ երկիր, պարտավոր է Ադրբեջանի առաջ խնդիր դնել, որ վաճառված զենքը չի կարող կիրառվել ոչ միայն իր ռազմավարկան գործընկերոջ՝ Հայաստանի, այլև Արցախի դեմ, քանի որ կողմերը, այդ թվում Ադրբեջանը, պարտավորվել են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Սաֆարյանը բերում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Գերմանիայի և Թուրքիայի օրինակը՝ Գերմանիան որոշեց սառեցնել Թուրքիային մատակարարված տանկերի վերազինումն այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունների տեսանյութերում երևացին Գերմանիայում արտադրված «Լեոպարդ 2» տանկերը:

Մինչդեռ Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ում ու նաև երկկողմ ձևաչափով Հայաստանի ռազմավարական գործընկերն է, անդադար զինում է իր դաշնակցի հակառակորդին: Ընդ որում՝ Ռուսաստանից զենքի յուրաքանչյուր խմբաքանակի առաքումը յուրօրինակ ուղերձ է դառնում Ադրբեջանի համար, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի խախտմամբ:

Սաֆարյանի համոզմամբ, միջխորհրդարանական հանձնաժողովում այդ հարցի քննարկումը որևէ օգուտ չի բերի: «Սակայն շատ կարևոր է, որ Ռուսաստանում հնչեն հայտարարություններ, որ այն, ինչ անում է Կրեմլն իր ռազմատեխնիկական քաղաքականության կամ բիզնեսի միջոցով, դա անթույլատրելի է Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ առաջին հերթին պետք է ձևավորել այդպես մտածողների շրջանակ, ստեղծել ճնշում և հասնել այն բանին, որ եթե անգամ հնարավոր չէ կանխել ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, գոնե հնչեցվի այդ լեգիտիմ պահանջն ու այն տեղ գտնի համապատասխան պայմանագրերում»,- ասաց փորձագետը:

Հավելենք, որ ըստ «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության, մինչ օրս Ռուսաստանը և Ադրբեջանը սպառազինության վաճառքի՝ մոտ 5 միլիարդ դոլար արժողության պայմանագրեր են կնքել: Ընդ որում, Իլհամ Ալիևն օրեր առաջ հայտարարեց , որ երկու երկրներն այժմ բանակցում են սպառազինության նոր խմբաքանակի ձեռք բերման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG