Մատչելիության հղումներ

Հայաստանը շանս ունի հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը․ Արմեն Նիկողոսյան


Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որը լավ հնարավորություն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի համար առաջին անգամ հաղթահարել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլն ու դառնալ առաջնությանը մասնակից 24 երկրներից մեկը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արմեն Նիկողոսյանը։

«Հավաքականը ունի և՛ շանսեր, և՛ պոտենցիալ», ֊ նշեց Նիկողոսյանը։

Ինչո՞ւ Հայաստանը սովորաբար չի հաղթահարում Եվրոպայի առաջնության ընտրական փուլերը: Մրցաշարի կարգի համաձայն Հայաստանը վիճակահանությամբ կարող է մի խմբում հայտնվել Եվրոպայի ուժեղագույն հավաքականների հետ, իսկ նրանց հաղթելու հավանականությունը գործնականում մոտենում է զրոյի: Սակայն 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը տարբերվում է մյուսներից: 16֊րդ՝ հոբելյանական այս առաջնության մասնակից 24 հավաքականներից 4֊ը կորոշվեն ոչ թե նախկին կարգով, այլ նոր՝ Ազգերի լիգայի մրցաշարով:

Ազգերի լիգայի մրցաշարը միմյանց դեմ չի հանում անհավասար թիմերի: Այստեղ եվրոպական բոլոր 55 հավաքականները բաժանվում են 4 խմբի, դիվիզիոնի՝ ըստ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած իրենց տեղերի։

Առաջին դիվիզիոնում ուժեղագույններն են, իսկ վերջինում վարկանիշային աղյուսակի վերջին թիմերը: Մրցակցությունը ընթանում է խմբերի ներսում, և այս չորս դիվիզիոնից յուրաքանչյուրի հաղթողը հնարավորություն է ստանում խաղալ Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանը վերջին՝ չորրորդ դիվիզիոնում է: Նույն խմբում են ևս 15 երկրների՝ հիմնականում ԱՊՀ երկրների և գաճաճ պետությունների հավաքականները: Իրենց ներսում հաղթողին որոշելու համար 16 հավաքականները 4 խմբերի են բաժանվել և երեկ Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվեցին առաջին փուլում Հայաստանի մրցակիցները՝ նրանք են Մակեդոնիան, Լիխտեյնշտեյնը, Ջիբրալթարը:

Մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը ևս կարծում է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի:

«Ազգերի լիգան հենց դրա համար, որ այն երկրները, որոնք միշտ Եվրոն նայել են հեռուստացույցով, ինչ֊որ տեղ նրանց երկրներին այդ տոնը մոտենա։ Որովհետև այդ թիմերը, որոնք ընդգրկվել են D խմբում, բոլորը հավասարազոր են և ինչ֊որ տեղ մեր բախտը բերեց», ֊ նշեց Մարտիրոսյանը:

Հայաստանը և Ադրբեջանը նույն չորրորդ դիվիզիոնում են, և ՈւԵՖԱ֊ի որոշմամբ առաջին վիճակահանությամբ նրանք չէին կարող նույն խմբում հայտնվել, ինչպես և Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները: Հետագայում, սակայն, եթե Հայաստանը իր խմբում հաղթի, իսկ Ադրբեջանն՝ իր, տեսականորեն երկու հավաքականները մարզադաշտում կարող են հանդիպել, ասում է Նիկողոսյանը. ֊ «Բայց, բնականաբար, չորրորդ դիվիզիոնի փլեյ օֆի ընթացքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան հաղթահարել խմբային փուլը, հնարավոր է, որ նրանք հանդիպեն կա՛մ կիսաեզրափակիչում, կա՛մ եզրափակիչում»։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Սերգեյ Ջանջոյանն ասում է՝ նոր մրցաշարը էականորեն կարող է բարձրացնել հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ։ Ջանջոյանը ևս այս մրցաշարը հնարավորություն է համարում Հայաստանի հավաքականի համար, սակայն ասում է՝ դա հնարավոր կլինի միայն, եթե հավաքականում փոփոխություններ արվեն. ֊ «Այնպես չէ, որ մենք հավաքականում խնդիրներ չունենք։ Պետք չէ առաջ անցնել և ասել՝ մենք մի ոտքով արդեն խմբից դուրս եկած ենք և մեր մրցակիցը արդեն Վրաստանը կամ Ադրբեջանի խմբի հաղթողն է։ Այն հավաքականը, որ անցած տարի ելույթներ էր ունենում և ձախողում գրեթե բոլոր խաղերը, մենք անելիք չունենք նույնիսկ այս մրցաշարում։ Եթե մենք ֆուտբոլիստների համալրում չունենանք, չուժեղացնենք մեր կազմը, ոչ թե շանս չկա, այլ վախենամ՝ խայտառակվենք»։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ասում է՝ հավաքականի կազմում փոփոխություններ կլինեն թե ոչ, առաջիկայում՝ գլխավոր մարզիչը կհայտարարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG