Ամանորին ընդառաջ պետական կառույցները բյուջեի հաշվին 30 միլիոն դրամից ավելի արժողությամբ կորպորատիվ հավաքույթներ են անցկացրել և նվերներ գնել։ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված պայմանագրերից երևում է, որ նախատոնական օրերին կորպորատիվների վրա ծախսերի քանակով չեմպիոնը Երևանի քաղաքապետարանն է։ Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցը 3 միջոցառման համար ծախսել է մոտ 10 միլիոն դրամ։
2 տոնական միջոցառում էլ Ֆինանսների նախարարությունն է անցկացրել՝ ծախսելով մոտ 3.3 միլիոն դրամ: Սակայն այս նախարարությունը միակն է, որ ծախսերից բացի հրապարակել է նաև հյուրասիրության մենյուն։ Ըստ այդմ՝ տոնական սեղանին եղել է 4 տեսակի խորոված։ Սեղանը զարդարել են քունջութապատ ֆետա պանիրը, սաղմոնով ու կարագով ռուլետը, խմորեղեններից էլ ռաֆաելոն, բանանով շոկոլադապատ խմորեղենը և այլ ուտեստներ:
Այս բոլոր ծախսերը նախարարությունները ներկայացրել են որպես ներկայացուցչական:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով ներկայացուցչական կարող են հարմարվել նաև կորպորատիվ հյուրասիրությունները։ Այլ երկրներում, ըստ նրա, նման միջոցառումներ նույնպես անցկացվում են, ճշտեցինք, հնարավոր էր խուսափել այս ծախսերից։
«Ընդհանրապես հնարավո՞ր է այս ծախսը չանել, թե ոչ՝ այո: Բայց ես Ձեզ ասեմ՝ Դուք ուզո՞ւմ եք, որպեսզի Ֆինանսների նախարարությունը արդյունավետ աշխատի, թե՞ ոչ: Մեր գնահատմամբ, սա այն է, ինչը բարձրացնում է արդյունավետությունը, որովհետև ամբողջ տարին Ձեր աչքի առաջ է եղել Ֆինանսների նախարարության գործունեությունը», ֊ նշեց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարության երկու միջոցառումները անցկացվել են նախարարության շենքում, իրար հաջորդող օրերի՝ դեկտեմբերի 19-ին և 20֊ին: Նախարարությունը այդ երկու օրերին առանձին վճարել է նաև տարածքի ծաղկային ձևավորման համար։
Ձևավորման հարցում Երևանի քաղաքապետարանը ավելի պահանջկոտ է գտնվել։ 5 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով՝ հյուրասիրությունից բացի քաղաքային իշխանությունների պատվերով նաև քաղաքապետարանի ճեմասրահում սառցե քանդակ և 12 մեծ ծաղկեփունջ է տեղադրվել։ Մյուս միջոցառման համար էլ քաղաքային իշխանությունները «բարձրակարգ և նրբաճաշակ սրահ են պատվիրել, որը պետք է ունենա կենդանի երաժշտություն բազմազան երգացանկով»: Այս միջոցառման ընթացքում հարկ վճարողների հաշվին մատուցվել է՝ «երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան»։
Ֆինանսների փոխնախարարը վստահեցրեց, որ գոնե իրենց դեպքում շատ ծախսերից խուսափել են․ ֊ «Վերաբերմունքը, որ մենք մեզ համարում ենք այլ աշխարհի ներկայացուցիչ և մենք, ասենք, ընդհանրապես անհաղորդ ենք այն խնդիրներին, որ Հայաստանն ունի, կարծում եմ, որ ընդհանրապես արդարացված չէ»:
Մի քանի հարյուր էջանոց պայմանագրերի ուսումնասիրությունից երևում է, որ նույն Ֆինանսների նախարարությունը բացի ֆուրշետներից նաև «Ով է գողացել նվերները» անվանմամբ տոնական ներկայացման 470 տոմս է գնել՝ տիկնիկային թատրոնին վճարելով ընդհանուր առմամբ 376 հազար դրամ։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, նախարարությունը դեկտեմբերի վերջին նաև 1 միլիոն դրամից ավելի արժողությամբ 110 հատ գրառումների գրքույկներ է գնել։
Գնումների ոլորտը ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Մանուկյանը հիշում է, որ տարիներ առաջ նույն ֆինանսների նախարարությունում աշխատակիցներին 12 հազար դոլար արժողությամբ ժամացույցներ էին նվիրում․ ֊ «Մի փոքր անհասկանալի է, երբ մենք այդ պետական բյուջեի սղությունից ելնելով չենք ավելացնում կենսաթոշակները, որևէ հավելյալ եկամուտ այս խավի համար չենք ստեղծում, բայց միաժամանակ, առանց ավելորդ խղճի խայթի, կատարում ենք այդ ծախսերը, որ կարելի էր չիրականացնել»:
Հրապարակված պայմանագրերից երևում է, որ մի շարք նախարարություններ էլ տոնական միջոցառումները անցկացրել են «Սալոն», «Բելաջիո», «Նոյան տուն», «Էլեն», «Պանդոկ Երևան», «Կովկաս», «Օջախ» ռեստորաններում և «Մեցցո» ակումբում։ Ըստ մասնագետի՝ տոնական միջոցառումները չեն կարող համարվել ներկայացուցչական, մինչդեռ բազմաթիվ վերահսկող կառույցներ այս հարցին չեն էլ անդրադառնում։
ԱԳՆ-ն էլ միայն մեկ միջոցառման համար 3,247,000 դրամ է վճարել, պայմանագրով նախատեսված է եղել նաև կենդանի երաժշտություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ ավելի համեստ է նշել նոր տարին՝ վճարելով 1,236,000 դրամ։
Արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները միասին նաև 200 հազար դրամից ավելի ծաղիկներ են գնել։ Մանուկյանն էլ ուսումնասիրությունների ընթացքում մի փաստաթուղթ է գտել, ըստ որի Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի վերջին մոտ 7 միլիոն դրամի ծաղիկներ է գնել։
«Ոչինչ չէր խանգարում, որ ծաղկի փոխարեն սպառազինություն գնվեր կամ այն կռված տղաները, որոնք վնասվածքներ են ստացել կամ հաշմանդամության խնդիրներ կան՝ որոնք որ վիրահատության ենթակա են, այս ծաղիկների փոխարեն՝ ուղարկել այդ ֆոնդին», ֊ կարծիք հայտնեց փորձագետը:
Հարկատուների վրա առանձնակի թանկ են արժեցել գերատեսչությունների նախընտրած խմիչքները։ 7 նախարարություններ միասին մոտ 4 միլիոն դրամի խմիչք և քաղցրավենիք են գնել, որոնց թվում են օրինակ՝ «Լիկյոր Լե ֆավորի թրիփլ սեքը», գինի «Մոնսեր Լուի Ռեզերվ Բորդոն», վիսկի «Բալանթայնսը» և այլն։ Այս գնումների մի մասը արվել է հանրապետական գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի ընտանիքներին պատկանող «Երևան Սիթի» և «ՍԱՍ» սուպերմարկետներից։ ԱԻՆ-ն էլ նախընտրել են հայկական արտադրության խմիչքներ՝ միայն մեկ կոնյակի համար վճարելով 260,000 դրամ։
Գերատեսչությունները նաև 3 միլիոն դրամից ավելի ծախսել են մեդալների, հուշանվերների, գրքերի և բացիկների, նվերների տոպրակների վրա։ Հայաստանի արտգործնախարարությունը նաև 4 հատ թագուհի «Շուշանիկ» անվանմամբ շալ է գնել՝ վճարելով 144 հազար դրամ, մեկ այլ պայմանագրով էլ գնել են «Գրիգոր Նարեկացու աղոթք» անվանմամբ մեկ վզկապ՝ վճարելով 30 հազար դրամ։
Պարզ չէ, արդյոք այս գումարը տոնական օրերին պետական կառույցների կողմից ծախսված ամբողջ գումարն է թե ոչ։ Ազգային ժողովը, Նախագահականը և Կառավարությունը օրենքով արարողակարգային ծախսերը չեն հրապարակում։ Եվս 5 նախարարություններ նախատոնական օրերի ծախսերը չեն հրապարակել։