Մատչելիության հղումներ

Կարևորագույն մարտահրավերն «ընթերցողի թվի մեծացման հարցն է», «Անտարեսը» նշում է հիմնադրման 25-ամյակը


«Անտարես» հրատարակչության հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Անտարես» հրատարակչության հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Անտարես» հրատարակչությունն արդեն 25 տարի հայ ընթերցողին է ներկայացնում թե՛ մանկական, թե՛ թարգմանական, թե՛ գեղարվեստական և թե՛ հանրագիտարանային գրականություն՝ բարձրորակ տպագրությամբ:

Այսօր հրատակչությունն իր հիմնադրման 25-րդ տարեդարձը նշեց յուրօրինակ ձևով՝ անցկացվեց «Գրքի ընկեր» խորագրով մրցանակաբաշխություն, որի ընթացքում «Անտարեսի» հրատարակած գրքերով պարգևատրվեցին տարբեր ԶԼՄ-ներ ներկայացնող խումբ լրագրողներ՝ գրքի, գրականության, հայ ժամանակակից գրողների հանրահռչակմանը նպաստելու համար:

«Անտարեսի» հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, դիմելով պարգևատրվածներին, ասաց․ «Մենք 25 տարեկան ենք, և այսօր գրքի սպառումը, սիրելիներս, ձեր ձեռքում է: Եկեք հնարավորություն տանք, որ գրքի ինֆորմացիան հասնի սպառողին, հասնի հայաստանցուն: Եկեք Հայաստանը փոխենք, հետո սկսենք փող աշխատել: Օրինակ՝ ռուսներն այդ ճանապարհով գնացին՝ իրենց հարկային համակարգում գրքի համար դրեցին զրո տոկոս, և էսօր հասկանում ենք, թե գրքի ինդուստրիան Ռուսաստանում ինչ մեծ մասշտաբներ ունի»:

«Անտարեսի» հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց նաև, որ իրենց նպատակն անցած տարիների ընթացքում գրքի ու գրականության տարածմանն ու հանրահռչակմանը նպաստելն է եղել: Ըստ նրա, ակնառու է, որ վերջին տարիներին ինչպես հրատարակչությունների, այպես էլ գրավաճառ ցանցերի ու պետական կառույցների շնորհիվ գիրքը, գրականությունը, գրողը ամենատարբեր միջոցառումներով ներկայացվեցին ընթերցող հանրությանը, և այդ առումով կարծես ամենահագեցածը հենց անցած՝ 2017 թվականն էր:

Սական, դա դեռ բավարար չէ: «Հայաստանում ձեռնտու չի գիրք տպելը, Թուրքիայում և Չինաստանում էապես ավելի ձեռնտու է: Հայաստան ներմուծվող գիրքն ունի զրո տոկոս, իհարկե փառք Աստծո, բայց երբ հայաստանցին է էդ գիրքը տպում, մինչև 38 տոկոսով, օրենքների պատճառով, այն թանկանում է»,- ասաց Մարտիրոսյանը:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ էլ՝ ոլորտում մթնոլորտ է փոխվել, սակայն անելիքներ դեռ շատ կան ու խնդիրների արագ լուծումներ դժվար է ակնկալել: Նրա խոսքով՝ իրենց առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերն այսօր «ընթերցողի թվի մեծացման հարցն է»:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG