Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհուրդը կդառնա պաշտպանության, անվտանգության ոլորտներում որոշումներ կայացնող մարմին


Հանրապետության նախագահի գլխավորությամբ գործող Ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմնից վերածվելու է երկրի պաշտպանության, անվտանգության ոլորտներում՝ վարչապետի գլխավորությամբ առանցքային որոշումներ կայացնող կառույցի:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Անվտանգության խորհուրդը նոր սահմանադրական կոնցեպտով պետական մարմին է, որը ղեկավարում է հենց վարչապետը», ֊ իր խոսքում նշեց նախարարը: ֊ «Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները»։

Վարչապետից զատ, Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Սակայն խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

Ուշագրավ է, որ ներկայումս գործող Ազգային անվտանգության խորհրդի կազմի հետ համեմատած՝ պետության կառավարման գործում նման կարևորություն ստացող կառույցից դուրս են մնում երկրի կարևորագույն պաշտոնյաներ՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու Սահմանադրական դատարանի նախագահը: Խորհրդին հրաժեշտ կտան նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Գլխավոր դատախազը:

«Կան մի շարք հարցեր, որոնք ևս պետք է քննարկման առարկա դառնան Անվտանգության խորհրդում, և օրենքը նախատեսել է, որ նման հարցերը՝ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցերին, վարչապետի առաջարկությամբ Անվտանգության խորհուրդը պետք է դարձնի քննարկման առարկա և ընդունի խորհրդատվական բնույթի որոշումներ», ֊ մանրամասնեց արդարադատության նախարարը:

Օրենքի նախագծից պարզ է դառնում, թե ապագա վարչապետը ինչ լայն լիազորություններ է ստանձնելու Անվտանգության խորհրդի գործունեության ընթացքում: Օրինակ, ըստ նախագծի, խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը և հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը: Վարչապետն է նշանակում ու ազատում Անվտանգության խորհրդի քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և հաստիքացուցակը դարձյալ հաստատում է նա, նշանակում ու ազատում է քարտուղարության հանրային ծառայողներին:

Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել նիստերին և քվեարկել հօգուտ կամ ընդդեմ քննարկվող հարցի: Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն, սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, Անվտանգության խորհրդին վերաբերող այս օրինագիծը և այնտեղ ամրագրված վարչապետի լայն լիազորությունները ևս մեկ վկայություն են, որ այս ապրիլինի՝ նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո, Սերժ Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի աթոռը՝ այդպիսով շարունակելով միանաձնյա ղեկավարել երկիրը:

«Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որպեսզի հետագայում վարչապետ ինքը դառնա ու ամբողջ լիազորությունները տեղափոխվեն իր վերահսկողության տակ ու ինքը լինի երկրի առաջին դեմքը, և Անվտանգության խորհուրդը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ստեղծվելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, որը, ըստ նրա, նախատեսված է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի համար․ ֊ «Կարծում եմ՝ շատ վտանգավոր ճանապարհով ենք գնում: Ի դեպ՝ «Էկանոմիստի» 2016-ի զեկույցի համաձայն՝ հիբրիդ կառավարման համակարգից Հայաստանը անցում է կատարել ավտորիտար կառավարման համակարգ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG