Մատչելիության հղումներ

Փոստանջյանը մտադիր է Եվրադատարանում վնասի փոխհատուցում պահանջել վրացական կողմից


Վրաստանի իշխանությունները ոտնահարել են «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի իրավունքները՝ առանց հիմնավոր բացատրության նրան թույլ չտալով մուտք գործել այդ երկրի տարածք․ նման բովանդակությամբ բողոք֊դիմումներով Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, Հայաստանում Վրաստանին դեսպանին, նաև Վրաստանում Հայաստանի դեսպանին՝ պահանջելով բացատրություն տալ հունվարի 21-ին Վրացական Նինոծմինդա անցակետում տեղի ունեցած դեպքի մասին։

Հիշեցնենք՝ այդ օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության 15 հոգանոց խումբը ուղևորվել էր հայաբնակ Ախալքալաքի շրջան, սակայն վրաց սահմանապահները հայտարարել են, որ Զարուհի Փոստանջյանի մուտքն արգելված է։

Ընդդիմադիր գործիչն այսօր հայտարարեց՝ մտադիր է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բարոյական ու ֆիզիկական վնասի փոխատուցում պահանջել վրացական կողմից։ Փոստանջյանը դեպքի մասին նամակով տեղեկացրել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։

«Հիմա պետք է սպասեմ, թե ինչ պատասխան ինձ կտրամադրեն: Այնուամենայնիվ, սա ապօրինի, կոպիտ գործողություն էր, որը չեմ կարծում, որ պետք է թույլ տրվեր վրացական իշխանությունների կողմից», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմեց Փոստանջյանը: ֊ «Այնուամենայնիվ, ես իրենց բացատրեցի, որ ես ով եմ և խնդրեցի լրացուցիչ տեղեկատվություն փոխանցեն իրենց ղեկավարությանը, բայց նրանք ասացին, որ՝ մենք իրավասու չենք, սա վերջնական որոշումն է և Ձեր մուտքը արգելված է»:

Ըստ վրաց սահմանապահների տրամադրած փաստաթղթի՝ Փոստանջյանի մուտքը Վրաստան արգելվել է «օրենքով նախատեսված այլ դեպքերի» կետին համաձայն։ Մինչդեռ այս պատճառաբանությունը հավատ չի ներշնչում ընդդիմադիր գործչին, ով ասում է՝ վերջին անգամ Վրաստանում եղել է նոյեմբերին ու խնդիրների կամ արգելքի չի հանդիպել։

Դեռ հունվարի 21-ին «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր ուժի ղեկավարը հավանական էր համարել, որ վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով: Այսօր նա նաև հավելեց՝ միգուցե համահայկական ընդվզման քարոզչությունը, որի նպատակով ինքը մեկնել էր հայաբնակ Ախալքալաքի շրջան, մտահոգել է վրացիներին։

«Այս անգամ միգուցե նրանք արդեն դիտարկում են այս ընդվզման գործընթացը վտանգավոր իրենց համար, որովհետև ընդվզումը և ընդվզման գործընթացը ուղղված է Հայաստանի այս ապօրինի գործող իշխանություններին և այն համակարգին, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պետք է բողոք ներկայացնեն բոլոր մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, և սա մենք բազմիցս ենք ասել», ֊ հայտարարեց Փոստանջյանը։

«Երկիր Ծիրանիի» ղեկավարն անդրադարձավ նաև թանկացումներին ու խորհրդարանական ընդդիմադիր ուժի՝ «Ելք»֊ի հայտարարած փողոցային պայքարին։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք մտադիր չեն միանալ հաջորդ երթին, որը տեղի է ունենալու փետրվարի 5-ին, Փոստանջյանն արձագանքեց՝ թանկացումները բուն խնդիրը չեն, այլ հետևանքն են գործող կառավարման համակարգի։

«Հետևանքի դեմ պայքարը արդյունավետ չէ և չի կարող տալ այն պտուղները, որ մենք ակնկալում ենք: Հետևաբար՝ մենք մեր ուժերը անիմաստ չենք վատնելու», ֊ նշեց Փոստանջյան: ֊ «Մենք պետք է մեր քաղաքացիներին հասցնենք նրան, որպեսզի տեղի ունենա մեծ, համահայկական ընդվզում»:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին, ապա Փոստանջյանն ասաց, որ իրենց կարծիքն այդ մասին կհայտնեն առաջիկայում։ Ըստ «Երկիր Ծիրանիի» ղեկավարի՝ իշխող կուսակցության նախագահի թեկնածուն ունի միլիոնների հասնող կարողություն, որի ծագումը կասկածելի է և Հանրապետականը պետք է պարզաբանի այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG