Վրաստանի համար Շենգենյան գոտու հետ ոչ-վիզային ռեժիմը չի կասեցվի. Բրյուսելում ամփոփել են արդյունքները։ Այդ մասին թվիթերյան իր գրառմամբ տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը, հավելելով՝ մտահոգվելու պատճառներ, սակայն, կան։
«Եվրամիության որոշ երկրներ նշում են, որ Վրաստանի հետ ոչ-վիզային ռեժիմ սահմանելուց հետո իրենց երկրներում ապաստան փնտրողների թիվն աճել է։ Խոսքը, օրինակ, Գերմանիայի և սկանդինավյան երկրների մասին է։ Որոշ դեպքերում այդ թիվը հասել է մինչև հիսուն տոկոսի։ Նրանք քննարկում են այդ հարցը, սակայն առայժմ վիզային ռեժիմի դադարեցման մասին հարց չեն բարձրացնում», - փոխանցում է «Ազատության» բրյուսելյան թղթակիցը՝ նաև նշելով, որ Վրաստանը պետք է այդուհանդերձ հաղթահարի այդ մարտահրավերը, հակառակ դեպքում ընթացիկ տարում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ։
Բելգիայում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն, սակայն, ընթացակարգային է համարում նման հարցերի քննարկումը, բայց և հավելում է՝ «չենք ժխտում, կա միտում»:
«Եվրամիության որոշ երկրներում Վրաստանից դիմումների թիվն աճել է։ Սակայն այդ գործընթացը որոշ երկրներում սկսվել է մինչև վիզային ռեժիմի ազատականացումը, որոշ երկրներում էլ՝ հետո», - նշել է Բելգիայում Վրաստանի դեսպանը։
Ինչպես ազատ վիզային ռեժիմ սահմանելուց առաջ, այնպես էլ հիմա Բրյուսելում հիմնական մտահոգություններից են համարում Վրաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր կազմակերպությունների առկայությունը, որոնք առավել սուր խնդիր են համարվում հատկապես Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում, փոխանցում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Հիշեցնենք՝ 2013 թվականին Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, և շուրջ երեքուկես տարի անց Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց Եվրամիության երկրներ այցելել առանց մուտքի վիզաների․ հիմա բավարար է ընդամենն ունենալ կենսաչափական անձնագիր, ետադարձ տոմս, ապահովագրություն, կեցավայր և 50 եվրո՝ Եվրամիությունում անցկացնելիք յուրաքանչյուր օրվա համար։