Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում կարելի էր ավելի զարգացնել ղարաբաղցիների իրավունքների շուրջ շեշտադրումները. Իգիթյան


Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, վաղուց պետք է բարձրաձայնած լիներ Հայաստանի արտգործնախարարությունը, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Սերժ Սարգսյանին ավելի հեշտ կլիներ ներկայացնել այն որպես Լեռնային Ղարաբաղի լուծման հետ կապված ռազմավարություն, կամ Հայաստանի տեսակետ։

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Իգիթյանը շեշտեց՝ Եվրոպայի խորհուրդն այն տեղը չէ, որտեղ փոխզիջումների մասին պետք է խոսվեր։

«Այնտեղ անհրաժեշտ է շեշտը դնել ժողովրդավարական զարգացումների, մարդու իրավունքների, այդ թվում` նաև Լեռնային Ղարաբաղում ապրող քաղաքացիների իրավունքների վրա։ Անկախ այդ բանից, օրինակ, Ադրբեջանը համարում է Լեռնային Ղարաբաղն իր կազմում, միևնույն է` այնտեղ ապրում են քաղաքացիներ, որոնք պետք է օգտվեն այդ բոլոր հնարավորությունից, իհարկե Սերժ Սարգսյանը փորձեց նաև շեշտադրումները մի քիչ այս ուղղությամբ տանել, ինձ թվում է, որ կարելի էր ավելի զարգացնել», - ասաց Իգիթյանը։

Դիտարկմանը, թե Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բանակցում են Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նոր պայմանագրի շուրջ, փաստորեն շարունակաբար Ադրբեջանը ռազմական տեխնիկա է փորձում ձեռք բերել, Հայաստանը նույնպես հետ չի մնում, և հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է խուսափել պատերազմից, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավարն այսպես արձագանքեց. - «Ադրբեջանի` կոնֆլիկտը ռազմական ձևով լուծման ցանկությունն անընդհատ պետք է շեշտվի։ Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ ակնարկեց, բայց, իմ կարծիքով, ինքը բարդույթ ուներ Ռուսաստան բառն արտահայտելու։ Եթե ուշադրություն դարձրել եք, այդ մեկ ժամվա հարցուպատասխանի կամ ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը Ռուսաստան բառն ընդհանրապես չասաց։ Ալիևն այդ պրոբլեմը չունի՝ ներկայացնելու նույնիսկ Դավոսի մակարդակով, իսկ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում՝ ժողովրդավարության, խաղաղության, մարդու իրավունքների օրրանում, ինքը մտավախություն ունի ներկայացնել այդ հարցը, որովհետև ինքը մտածում է, որ կարող է, ենթադրենք, Ռուսաստանը մեզ պատժի։ Նայեք՝ Սերժ Սարգսյանը խոսում է քաղաքացիական հասարակության դերի մասին։ Դա շատ ընդունված բան է Եվրոպայում խոսելու ժամանակ, բայց արդյո՞ք մեր քաղաքացիական հասարակությունն իրոք այդ հնարավորությունն ունի՝ պատշաճ ձևով կոռուպցիայի դեմ պայքարելու, որի հիմնական դերը Սերժ Սարգսյանը տվեց այդ գործիքին՝ քաղաքացիական հասարակությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG