Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ Մեյի հետ Թրամփը քննարկելու է իրավիճակը Հյուսիսային Կորեայի, Սիրիայի շուրջ, ինչպես նաև գերտերությունների և Իրանի միջև 2015 թվականի հուլիսին կնքված միջուկային պայմանագրի հարցը:
Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը Իսրայելի վարչապետի հետ կլինի առաջինը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի հայտարարությունից հետո:
Արդեն վաղը՝ հունվարի 26-ին Միացյալ Նահանգների նախագահը Դավոսի համաժողովում հանդես կգա իր հիմնական զեկույցով:
Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Գարի Քոնը ավելի վաղ հայտնել է, որ իր ուղերձով Թրամփը կոչ է անելու ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ միևնույն ժամանակ ընդգծելով իր «Նախևառաջ՝ Ամերիկան» քաղաքականությունը և «տնտեսական ազնիվ մրցակցության» անհրաժեշտությունը: