Հունվարի 25-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ, մանրամասները ճշտվում են, փոխանցում է ԼՂ ռազմական գերատեսչությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հերքել է հայկական կողմի հաղորդումը՝ վստահեցնելով, թե ադրբեջանական բանակը ամբողջովին պահպանում է հրադադարը և որևէ կորուստ չունի: