Մատչելիության հղումներ

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները միմյանց են մեղադրում լսումների ընթացքում էական առաջարկներ չանելու համար


«Թանկացումներին վերաբերող երեկվա խորհրդարանական լսումները ցույց տվեցին, որ իշխանությունները չեն ցանկանում որևէ բան փոխել: Ավելին՝ չեն ընդունում, որ գնաճը խնդիր է»,- «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Կեսկատակով ասեմ, որ դրանք ոչ թե լսումներ էին, այլ ասումներ, որովհետև, ըստ էության, իշխանության ներկայացուցիչները հավաքել էին իրենց իշխանամերձ որոշ փորձագետների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, և բոլորը միահամուռ պնդում էին, որ առանձնապես ոչ մի լուրջ խնդիր էլ չկա: Եղել էր խորհրդակցություն Սերժ Սարգսյանի մոտ, չէ՞: Խոսել էին թանկացումներից, խոսել էին այն մասին, որ անհրաժեշտ է, այնուամենայնիվ, ուղիներ գտնել՝ որոշ բաներ մեղեմելու համար, բայց երեկ լրիվ հակառակ պատկերն էր Ազգային Ժողովում: Այդ մարդիկ անգամ հրաժարվում էին արձանագրել, որ խնդիրը կա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա՝ իշխանությունները կգնան գնաճը մեղմելուն ուղղված քայլերի, թե ոչ, դա կախված է ժողովրդից: «Եթե քաղաքացիները դուրս գան փողոց, ապա, բնականաբար, իշխանությունները զիջելու են: Ես չգիտեմ, թե դա ինչի կհանգեցնի, և իրականում սոցիալական բունտն էդպես մի լավ բան էլ չի: Ես շատ կուզեի, որ որոշակի բողոքի արդյունքում և իշխանություների որոշակի ճկունության, զիջողականության արդյունքում ինչ-որ մեղմացում լինի և բանը սոցիալական բունտի չհասնի»,- նշեց Արարատ Միրզոյանը:

«Ծառուկյան» դաշինքի անդամները ևս լսումների ընթացքում կառավարության ներկայացուցիչների հնչեցրած պատասխաններն ու հիմնավորումները բավարար չեն համարում: Արդյունավետ էին արդյոք լսումները թե ոչ, խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի խոսքով՝ իրենք դա կգնահատեն, երբ պարզ կդառնա, թե որքանով են ընդունվել դաշինքի առաջարկությունները: «Ծառուկյանը», մասնավորապես, առաջարկել էր, հատկապես գյուղացիների պարագայում, իջեցնել վարկերի տոկոսադրույքներն ու թեթևացնել հարկային բեռը:

«Առհասարակ մատնանշում ենք, որ հարկային օրենսգրքում էական փոփոխություններ իրականացնելու կարիք կա: Քանի որ գնաճ է տեղի ունեցել և թոշակառուների կենցաղում մի շարք դժվարություններ են առաջացել, պետք է թոշակառուների և նվազագույն աշխատավարձ ստացողների համար էական փոփոխություններ լինեն շատ կոնկրետ ֆինանսական տեսքով: Այսինքն՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացման տեսքով»,- «Ազատությանն» ասաց Վահե Էնֆիաջյանը: «Ելքի» հրավիրած բողոքի երթի առնչությամբ էլ նա ասաց, որ իրենց տեսակետն արդեն հայտնել են՝ «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում է գործունեություն ծավալում: Այդուհանդերձ, Էնֆիաջյանը նկատեց՝ մարդկանց համբերությունը չափ ունի․ «Եթե խոսում ենք համբերության մասին, ամեն դեպքում դա չափման միավոր ունեցող մի զգացողություն է, և այսպես երկար շարունակվել չի կարող»:

Իշխանությունը, մինչդեռ, ընդդիմությանն է մեղադրում խորհրդարանական լսումների ընթացքում առաջարկներ չներկայացնելու համար։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է՝ ընդդիմադիրները ո՛չ գնաճի պատճառների մասին խոսեցին, ո՛չ էլ թանկացումները մեղմելու առաջարկներ արեցին, իսկ իշխանությունն ուղիներ փնտրում է:

«Էնպես չի, որ գնաճը մեղմելու գործընթացի հետ կապված այսօր որոշում ընդունեցիք ու վաղը կարող եք արդյունք ստանալ»,- ասաց Մելիքյանը: Նրա խոսքով՝ իրենք կփորձեն գյուղացիների համար վարկերի տոկոսադրույքներն իջեցնել, թանկացած դիզվառելիքի ձեռքբերումը սուբսիդավորել, հնարավոր է՝ նաև եկամտահարկի էլ ավելի իջեցում լինի ոչ բարձր աշխատավարձ ստացողների համար: «Պետք է համբերենք, տեսնենք՝ ինչ ճանապարհով կարող ենք հասնել մեղմացման ազդեցությանը»,- շարունակեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նա տեղեկացրեց նաև, որ լսումների ընթացքում հնչած առաջարկները ներկայացվել են խորհրդարանի տնտեսական հանձնաժողովին և առաջիկա քննարկումների ընթացքում դրանք կամփոփվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG