Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է ԵԽ-ին պաշտոնական հուշանվերի հանձնման արարողությանը


Ստրասբուրգում nախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, խաչքարի ցուցապաստառը բացել են նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության», - իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իր հերթին նշել է, որ տեղադրված խաչքարը և նախագահ Սարգսյանի անձնական ներկայությունը «հստակ արտահայտում են Հայաստանի հանձնառությունը մեր արժեքների և մեր համաեվրոպական իրավական տարածքի հանդեպ»:

«Իրապես, 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր Հայաստանը, մի շարք համապարփակ ներքին բարեփոխումներ իրականացնելով, նշանակալի քայլեր է արել՝ ի կատարումն իր պարտավորությունների: Գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել», - ընդգծել է նա: - «Վերջին զարգացումների առումով ողջունել ենք սահմանադրական բարեփոխումները և ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու և առաջ մղելու կանանց իրավունքները: Դա արտահայտվեց վերջերս «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունմամբ: Այն իր հերթին ճանապարհ է բացում Ստամբուլի կոնվենցիայի ստորագրման համար», - հավելել է Յագլանդը՝ նշելով, որ նվերը ընդունում են «նվերը հաճույքով և երախտագիտությամբ»:

Արարողության ավարտին Հանրապետության նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG