Մատչելիության հղումներ

«Դուք հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու». Սերժ Սարգսյան


«Ղարաբաղը Ձեզ պետք է առանց հայերի, բայց երբեք չի լինելու», - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բարձր ամբիոնից այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին:

Վերջինս, Սերժ Սարգսյանին անվանելով Ադրբեջանի դեմ սանձազերծված պատերազմի առաջնորդ, խոսեց Ղարաբաղում և հարակից տարածքներում էթնիկ զտումների, հայերի կողմից իրականացված Ցեղասպանության մասին՝ հիշատակելով Խոջալուի դեպքերը: Ի պատասխան Սերժ Սարգսյանը ասաց, թե Ցեղասպանությունը լավ բան չէ և չարժե, որ Ադրբեջանի փորձի ունենալ մի բան, որը չի եղել և որը հայերը երբեք չեն իրականացրել:

«Ես նախ ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ և ապա իմ խոսքերը չխեղաթյուրել։ Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին։ Թե ինչո՞ւ ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը դա պատիվ չէ, դա տանջանք է, և կարծում եմ, որ ինչ-որ մի միտում կա Ադրբեջանում` անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը։ Գիտեք, սա անթույլատրելի մի բան է, ի՞նչի է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, և հատկապես հայերի կողմից չի եղել», - ասաց նախագահը՝ շարունակելով. - «Ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն Դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։

Ի դեպ, իր ելույթում խոսելով ղարաբաղյան խնդրի մասին Սերժ Սարգսյանը շեշտեց՝ հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է, դրա համար անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, սակայն Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Սերժ Սարգսյանը հիշատակեց Ադրբեջանի սանձազերծած 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով:

«Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը», - նշեց Հայաստանի նախագահը:

Ղարաբաղյան խնդրից բացի իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց Հայաստանի կողմից կատարված ժողովրդավարական բարեփոխումների մասին, նաև հպարտությամբ հայտարարեց՝ կատարել են Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սերժ Սարգսյանը շեշտեց՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն անգամ աննախադեպ քայլի գնաց՝ հրապարակելով ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները․ - «Մենք անգամ դիմեցինք աննախադեպ քայլի՝ օրենքում ամրագրելով քվեարկողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջ: Դա, ինչպես գիտեք, ընդունված պրակտիկա չէ, հատկապես անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Սակայն մենք դա արեցինք՝ ընտրությունների հանդեպ հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար»:

Հայաստանի նախագահը խոսեց նաև կոռուպցիայի դեմ տարվող անողոք պայքարի մասին՝ վստահեցնելով, որ արմատախիլ են անելու «այդ ախտը» և ընդգծեց, որ մոտ 500 պաշտոնյաներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, ինչը, Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոքրիկ Հայաստանի համար հսկայական թիվ է։ - «Ամեն տարի Հայաստանում անգամներով ավելի շատ քրեական գործեր են հարուցվում և դատավճիռներ են կայացվում կապված կոռուպցիոն հանցագործությունների հետ», - նաև ասաց նա:

Սերժ Սարգսյանը իր ելույթում չշրջանցեց նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության թեման՝ շեշտելով՝ ժամանակը ցույց տվեց, որ ԵՏՄ անդամակցությունը խոչընդոտ չէ Եվրամիության հետ համագործակցության համար: Ի դեպ՝ պատասխանելով եվրոպացի պատգամավորի հարցին, թե ինչպես է Հայաստանը համատեղելու ԵՏՄ-ի և Եվրամիության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը շեշտեց, թե դրա համար շատ պարզ մի նախապայման կա՝ անկեղծությունը:

«Պետք է անկեղծ լինել գործընկերների հետ, չթաքցնել բանակցությունների ընթացքը: Ես կարծում եմ, որ ապագայում սերտորեն համագործակցություն է լինելու Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև», - նշեց նա:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում նաև խոսեց Հայաստանի՝ խորհրդարանական կառավարմանն անցնելու կարևորության մասին, վստահեցնելով, որ այդ համակարգը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու հնարավորություն է տալու ավելի հաշվետվողական լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG