Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն քննում է Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալների բողոքի մասին Մարուքյանի դիմումը


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննում է Բագրատեշենի անցակետում ԱՊՊԱ գործակալների բողոքի վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ գործակալների միջև ազատ մրցակցությունը խաթարված է։

«Կոնկրետ դեպքով գտնում ենք, որ ազատ մրցակցությունը խաթարվել է։ Պետք է գտնել օպտիմալ լուծում, որը և' մրցակցության տեսանկյունից արդարացի կլինի, և' տարածքի ֆիզիկական չափերի օպտիմալ բաշխում կենթադրի», - ասաց Խաժակյանը։

Հիշեցնենք՝ դեռ հունվարի սկզբին Բագրատաշենի անցակետում ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները մի քանի անգամ բողոքի ակցիա անցկացրեցին, նույնիսկ անցակետ տանող ճանապարհը փակեցին՝ բողոքելով անհավասար մրցակցային պայմաններից։

Նրանց պնդմամբ՝ տարեսկզբից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից. «Թոփ-Սփին» ընկերությունը, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, իսկ իրենք ստիպված են հեռավորությամբ տեղակայված գրասենյակներում աշխատել։

Ըստ գործակալների, նախկինում բոլոր ընկերությունները հավասար պայմաններով տարածք են վարձակալել մաքսակետի տարածքում, սակայն 2007 թվականին Կառավարությունը համարել է, որ ապահովագրական ծառայությունը կոմերցիոն գործունեություն է, և հանվել է մաքսային տարածքից։ Անցած տարվա նոյեմբերին անցակետից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գրասենյակներն ավելի հեռացնելու պահանջ է դրվել, և բոլոր 6 ընկերությունների 14 գրասենյակները 300-500 մետր հեռացվել են՝ շարունակելով իրենց գործունեությունը վարձակալության հիմունքներով։

Ցուցարարների խոսքով՝ ընդամենը երկու ամիս անց փոխվել է իրավիճակը 5 ընկերությունների համար, այժմ միայն «Թոփ-Սփին» ընկերությունն է գործում մաքսատան տարածքում։ Գործակալները պնդում են, թե մաքսակետի աշխատակիցներն անգամ վարորդներին ուղղորդում են հենց այդ նորաբաց գրասենյակում ապահովագրել իրենց մեքենաները։

Գործակալների պնդմամբ, «թաքուն աճուրդ է եղել», իրենք այդ աճուրդի մասին «տեղյակ չեն եղել»։

Նրանք հավասար մրցակցային պայմաններ են պահանջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG