Մատչելիության հղումներ

«Դրամավարկային քաղաքականության տեսակետից գնաճը կառավարելի է»․ ԿԲ նախագահ


Թեև խորհրդարանական լսումների թեման թանկացումների պատճառներին և գնաճը մեղմելու հնարավորություններին էր վերաբերում, սակայն Կառավարության ներկայացուցիչները այսօր ավելի շատ խոսեցին ոչ թե գնաճը մեղմելու քայլերի մասին, այլ փորձեցին ապացուցել, որ թանկացումները իրականում նշանակալի չեն, նոր աքցիզային դրույքաչափերը առանձնապես չեն ավելացնում հարկային բեռը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց՝ գնաճը 2017-ին թույլատրելիի սահմաններում՝ 2.6 տոկոս է եղել, և հավելեց՝ հարևան երկրներում գնաճն ավելի բարձր է՝ Վրաստանում գրեթե 7, Ադրբեջանում 8 տոկոս, իսկ թանկացումների մասին անհիմն խոսակցությունները վնասում են հանրությանը:

«Դրամավարկային քաղաքականության տեսակետից գնաճը կառավարելի է», - նշեց ԿԲ նախագահը: - «Թերևս, գնաճային սպասումները չհիմնավորված դրդապատճառներով ուժգնանում են, որոնք ավելի ծախսատար են դարձնում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, իսկ դրանից բխող հասարակության ոչ ռացիոնալ վարքագծից, իհարկե, կտուժի հենց հասարակությունը»:

«Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ միսը, կարագն ու կարտոֆիլը երկնիշ գնաճ են արձանագրում, սակայն պաշտոնապես իշխանությունները միայն 2.6 տոկոս գնաճ են արձանագրում: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ կարծես թե լսումները ոչ թե գնաճը մեղմելու ուղիներ փնտրելու համար են կազմակերպվել, այլ հայտարարելու, որ թանկացում չկա․ - «Ու եթե ուշադիր լինի, դա ի սկզբանե այդպես էր: Վերնագիրը նայեք՝ առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները: Ո՞վ է վերնագիրը դրել՝ հաստատ Սովետական Միությունում քաղբյուրոյի հետ կապ է ունեցել: Հիշում եք, չէ՞ Սովետական Միությունում ամեն ինչ իդեալական էր, բայց առանձին կոլեկտիվներում, առանձին աշխատակիցների կողմից թույլ էին տրվում առանձին բացթողումներ, որոնք առանձին փոքր պրոբլեմներ էին ստեղծում երկրի համար»:

Պետեկամուտների կոմիտեի տեղակալ Վախթանգ Միրումյանը փորձեց վստահենել՝ աքցիզային հարկի դրյուքաչափերի փոփոխություններն առանձնապես չեն ազդի տնտեսության և քաղաքացիների վրա: Բենզինը, ըստ Միրումյանի, արտադրական պրոցեսում առանձնապես չի կիրառվում, քաղաքացիների մեծ մասն էլ՝ հատկապես անապահով խավը, բենզինով մեքենա չի քշում․ - «Հետևաբար ակնհայտ է, որ բենզինի ակցիզային հարկի ավելացումը շղթայական էֆեկտով վերջնական ապրանքների գների բարձրացման չի կարող հանգեցնել»:

Սեղմած գազի գինը թեև ավելացել է 20 դրամով մեկ խորանարդ մետրի համար, սակայն ասաց՝ 2015 թվականի գներին են հավասարվել․ - «Այս գնի պայմաններում աշխատել է և՛ հասարակական տրանսպորտը, և՛ ձևավորվել են այդ ժամանակահատվածում գործող ապրանքների գները, հետևաբար ասել, որ դրանով պայմանավորված միանշանակ տեղի կունենա տրանսպորտի թանկացում և ապրանքների գների բարձրացում, կարծում ենք ևս փաստարկված չէ»:

Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա այստեղ աքցիզային հարկը նվազեցվել է, սակայն այն սկսել է հարկվել ավելացված արժեքի հարկով, և 380 դրամ արժեցող դիզվառելիքը հարկային փոփոխությունից հետո թանկացել է 60 դրամով, սակայն ըստ Միրումյանի՝ այս թանկացումն իրականում շահավետ է բեռնափոխադրողների, հանքարդյունբերողների և շինարարների համար՝ նրանք կկարողանան հետ ստանալ ավելացված արժեքի հարկը: Բացառություն են գյուղացիները, նրանք ավելացված արժեքի հարկ չեն վճարում, ուստի՝ վառելիքը թանկ կգնեն․ - «Փաստերը վկայում են այն մասին, որ դիզելային վառելիքի հարկումը ավելացված արժեքի հարկով ոչ թե պետք է գնաճ մղեր, այլ ճիշտ հակառակը: Ինքը պարունակում է գնանկում մղելու էական ներուժ»:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, սակայն, շտապեց բացատրել՝ դիզվառելիքի թանկացումը լուրջ ազդեցություն չի ունենա գյուղացու վրա, կզգան միայն հացահատիկ աճեցնողները, ավելի ուշ իրենք չեն բացառում նաև սուբսիդավորելու հնարավորությունը:

«Արդեն այսօր քննարկվում է դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, որի սխեման, հենց որ դա կհաստատվի Կառավարությունում, մենք կներկայացնենք հանրությանը», - մանրամասնեց գյուղնախարարը:

Թոշակառուների անունից խոսեց միավորման ներկայացուցիչ Ռոլանդ Ավետիսյանը, ասաց՝ թոշակառուների 70 տոկոսն աղքատ է ու անապահով, իսկ խորհրդարանում տոկոսային աճպարարությամբ են զբաղված․ - «Իսկապես թոշակառուները ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն: Այնքան լուրջ, որ նույնիսկ Ազգային ժողովի հարգարժան պատգամավորների հորդորները, որ՝ ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը կամ արքայավայել խորհուրդը, որ՝ եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք․․․ մեկա՝ կարտոշկան էլ թանկացավ արդեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG