Մատչելիության հղումներ

«Մեծապես կարևորում եմ մեր երկրների միջև ծավալվող ապակենտրոնացված համագործակցությունը». Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում


«Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը», - այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ։

Նախագահն ընդգծել է, որ տարեցտարի մեծանում է նաև Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ։

«Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «2018 թվականը կարևոր տարի է մեզ համար և ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իհարկե, այս բոլոր միջոցառումներն էլ շատ կարևոր են մեզ համար, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը յուրատեսակ կարևորություն ունի Հայաստանի համար, որովհետև այն իր ընդգրկմամբ թերևս ամենածավալուն իրադարձությունն է և վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս հիշարժան միջոցառումներին»

Նախագահն արձանագրել է, որ վերջին տարիներին արդյունավետ գործակցություն է ձևավորվել նաև Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջև, որի շրջանակներում մշտապես աջակցություն է ցուցաբերվում Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը:

«Ես մեծապես կարևորում եմ այն համագործակցությունը, որ ծավալվում է մեր երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով։ Յոթ տասնյակից ավելի փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերը զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում մեզ համար ոչ միայն սոցիալտնտեսական, այլև արժեքներ փոխանցելու կարևորություն ունեն», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Իհարկե, հետամուտ ենք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում եվրոպական նորմերի ու չափանիշների ներմուծմանը, մեր քաղաքներն ավելի գեղեցիկ, բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուրախ եմ, որ 2017 թվականին Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենաստեղծարար քաղաքը՝ «Հորիզոն-2020» ծրագրի կողմից: Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից թե՛ լավ կառավարման փորձի, թե՛ նոր տեխնոլոգիաների, թե՛ բնապահպանական ծրագրերի ներդրման առումով: Իհարկե, երբեք Երևանը Փարիզ չի լինելու, բայց շատ-շատ բաներ մենք ժամանակի ընթացքում վերցրել ենք և շարունակելու ենք վերցնել, և որպեսզի մեր հինավուրց մայրաքաղաքները մշտապես իրար օժանդակեն, օգնեն` մեր շփումները պետք է լինեն երկարատև, պետք է լինեն հավերժ, որովհետև շփումներով են ամրապնդվում բարեկամությունը, համագործակցությունը, շփումների ժամանակ է, որ ծնվում են նոր գաղափարներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG