Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ այս տարի առնվազն 4 ժողովածու են հրատարակելու ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հոբելյանական 100-րդ տարեդարձին: Այդ ժողովածուները գալիս են լրացնելու Ազգային արխիվի տարեկան հրատարակությունների շարքը, որում, միայն անցած՝ 2017 թվականին 5 ստվարածավալ ժողովածու է ընդգրկվել:
Արդեն առաջիկա ապրիլ ամսին լույս կտեսնի մի շատ ուշագրավ ժողովածու՝ նվիրված այն 3000 հայ սպաների ճակատագրին, ովքեր առաջին հանրապետության անկումից հետո բոլշևիկյան իշխանությունների կողմից ձերբակալվեցին, գնդակահարվեցին կամ աքսորվեցին հեռավոր Սիբիր, որտեղ էլ կնքեցին իրենց մահկանացուն, չդիմանալով անմարդկային պայմաններին:
«Խաբում են, ասում են՝ պետք է ցուցակագրվեք, որ ձեզ ուղարկենք ռուսական բանակում ծառայելու: Նրանց թվում էր Առնո Բաբաջանյանի հայրը, որը եղել է սպա: 1400 ցուցակագրվածների ոտքով հասցրել են Աղստաֆա, էնտեղից գնացքով՝ Բաքու, Բաքվից ուղարկել են Ռյազանի համակենտրոնցման ճամբար»,- պատմեց Ազգային արխիվի տնօրենը:
Այդ 3000 սպաները Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներ էին, նրանց մեծ մասն անգամ պատրաստ է եղել զինվորական ծառայության անցնել Խորհրդային Հայաստանում, բայց բոլշևիկները համարել են, որ վերջիններս վտանգ են ներկայացնում, հետևաբար՝ պետք էր ոչնչացնել այդ զինվորականներին, ինչը և բոլշևիկներն արեցին իշխանության գալուց անմիջապես հետո:
Ամատունի Վիրաբյանն այնուհետև շարունակեց․ «1920 թվականի դեկտեմբերին Դրոն և Լեգրանը (Բոլշևիկյան Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարարը) կնքում են պայմանագիր՝ իշխանությունը փոխանցելու մասին, որի կետերից մեկը հետևյալն էր՝ հայ սպաները, իշխանության ներկայացուցիչները, նրանցից ոչ մեկը չի հետապնդվելու նոր իշխանությունների կողմից: Բայց Լեգրանը վերադառնում է ներկայացուցչություն և իր հետ բերած չեկիստներին հանձնարարություն է տալիս՝ ձերբակալել Հայաստանի կառավարության անդամներին»:
Բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատված 3000 հայ սպաների մասին պատմող այս հանրագիտարանային ժողովածուի հրատարակմանը կհաջորդի «Հայաստանի քաղաքականության պատմություն» խորագրով ժողովածուն, որն ամբողջությամբ ներկայացնելու է առաջին հանրապետության գործունեությունը 1918-1920 թվականներին: Արխիվային փաստաթղթերի հիման վրա կներկայացվի առաջին հանրապետության ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականությունը:
«Մենք ներկայացնելու ենք փաստաթղթեր, բնականաբար, ծանոթագրելով մարդկանց անունները, վայրերը, իրադարձությունները, բայց առանց մեկնաբանությունների: Դա թողնում ենք հետազոտողներին: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը՝ համալսարանի, կոնսերվատորիայի, դպրոցների բացում, մի ժամանակ այս ամեն ի ինչը վերագրում էին Խորհրդային Հայաստանին: Բայց իրականում Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում, երբ լուսավորության նախարար էր Նիկոլ Աղբալյանը, դպրոցներ են բացվել»,- պատմեց Ամատունի Վիրաբյանը:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այդ իրադարձություններին վերաբերող գաղտնի փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Ազգային արխիվում, Վիրաբյանը պատասխանեց․ «Մենք գաղտնի ոչինչ չունենք»: Չորրորդ ժողովածուն, որն այս տարի կհրատարակի Ազգային արխիվը, խորագրված է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և առաջին հանրապետության տարիներին»:
Ի դեպ, այս տարի Ազգային արխիվի կողմից եկեղեցուն նվիրված մի քանի այլ գրքեր էլ կհրատարակվեն: Ստվարածավալ հատորներով կներկայացվեն Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի, Գևորգ 4-րդ կաթողիկոսի, Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանկյանի կյանքն ու գործունեությունը, կհրատարակվեն նաև այլ գրքեր:
Ամատունի Վիրաբյանն այսօր տեղեկացրեց նաև, որ միայն անցյալ տարի Ազգային արխիվը տեղեկանք և ամենատարբեր փաստաթղթեր է տրամադրել ավելի քան 50000 քաղաքացու: