Մատչելիության հղումներ

Դիզվառելիքն ու բենզինը տարեսկզբից արդեն երկրորդ անգամ թանկացան


Վառելիքի շուկայում վերջին մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ են բարձրանում դիզելային վառելիքի և բենզինի գները։

Առանց այն էլ տարեսկզբից մոտ 30-40 դրամով թանկացած վառելիքը, վերջին երեք օրերին թանկացավ ևս 10 դրամով։

«Ազատության» շրջայցը մայրաքաղաքի մի քանի բենզալցակայաններում ցույց տվեց, որ Regular տեսակի բենզինը, որն անցած տարի վաճառվում էր 390 դրամով, այժմ կարելի է գնել 440 դրամով, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը՝ 390-ից հասել է 450 դրամի։

Վարորդների աչքից ևս չի վրիպել վերջին օրերի գնաճը, «Ազատության» հետ զրույցում նրանք նշեցին՝ առանց հիմնավորման հերթական անգամ բարձրանում են գները։

«Երեք օր առաջ 10 դրամով նորից թանկացել է։ Կառավարությունից ասում են պայմանավորված է ակցիզի թանկացումով, չգիտեմ ես, դիզելն ավելի է թանկացել, դիզելին ակցիզ չի եղել, հիմա, ասում են, ակցիզ կա», - ասաց «Ազատության» զրուցակից վարորդներից մեկը։

Թե ինչո՞ւ են այս կարճ ժամանակահատվածում արդեն երկրորդ անգամ բարձրանում վառելիքի գներն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) առայժմ այս հարցի պատասխանը չունի։

Կառույցի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր հանձնաժողովը հերթական մոնիտորինգը կանցկացնի և արդյունքներն ամփոփելու դեպքում առաջիկայում կտեղեկացնի դրանց մասին։ Ըստ նրա, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հստակ պատասխանել՝ արդյո՞ք հերթական թանկացումը հիմնավոր է, թե՞՝ եղել են չարաշահումներ։

Հիշեցնենք՝ դեռ տարեվերջին, երբ այս ոլորտում նկատվեց առաջին գնաճը, հանձնաժողովն ուսումնասիրություն կատարեց և հիմնավորեց՝ հեղուկ վառելիքի շուկայում արձանագրված թանկացումները պայմանավորված են հարկային դրույքաչափերի բարձրացմամբ՝ հետևաբար չարաշահումներ չկան։

Ու մինչև հանձնաժողովը հերթական ուսումնասիրության արդյունքները կհրապարակի, վառելիքի շուկայում նկատվող գնաճին անդրադարձել են խորհրդարանական ուժերը։

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատմական էքսկուրս է կատարել՝ նշելով, որ եղել են տարիներ, երբ բենզինի գինն ավելի բարձր է եղել, քան հիմա է։

Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

«Այսօր բենզինի գինը բավական ներդաշնակ է միջազգային շուկային։ Ուշադրություն դարձրեք, եթե տրանզիտով բերում են մեր հարևան Վրաստանից, Վրաստանում բենզինի գինն ավելի բարձ է», - ասաց Բաղդասարյանը։

Այն, որ Վրաստանում բենզինն ավելի թանկ է, քան՝ Հայաստանում, ասել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անցած չորեքշաբթի կառավարության հարցուպատասխանի ժամանակ։

Կարեն Կարապետյանը որևէ «պրոբլեմատիկ խնդիր» չէր տեսել բենզինի, դիզվառելիքի և ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացման հետ՝ նշելով՝ «թանկացած բենզինին կա այլընտրանք՝ գազը»։

Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

Մինչդեռ անցած ուրբաթ «Ո՛չ թանկացումներին» կարգախոսով երթ անցկացրած ընդդիմադիր «Ելք»-ն այսօր խոսելով երկրորդ անգամ թանկացած վառելիքի մասին՝ նշել է, որ «այս թանկացումը մենաշնորհի հետևանքն է»։

«Սա արդեն մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև ակցիզներով պայմանավորված գնաճը, կարծես թե, արդեն եղել է, հիմա ի՞նչ այլ պատճառներ ունեն, սա արդեն լուրջ է», - ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Գևորգ Գորգիսյան, արխիվ
Գևորգ Գորգիսյան, արխիվ

Բենզինի շուկայում գերիշխող դիրք ունի երկու ընկերություն՝ «Ֆլեշ»-ն ու «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը։ Այս երկուսը միասին ծածկում են շուկայի գրեթե 85 տոկոսը և Հայաստան հեղուկ վառելիք ներկրում Բելառուսից, Ռումինիայից և Ռուսաստանից։

Թանկացումների մասին «Ազատություն»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև նրանցից, սակայն հեռախոսին պատասխանած աշխատակցուհիները փոխանցեցին, որ տնօրինությունը տեղում չէ, իսկ բացի նրանցից ոչ ոք «իրավասու չէ» պատասխանել հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG