Մատչելիության հղումներ

«Ելք»-ը դեմ կքվեարկի ՀՀԿ-ի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին


Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի իշխող Հանրապետականի առաջադրած Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Այս մասին, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, առաջիկայում Արմեն Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումն իրենց որոշման վրա չի ազդի:

Սերժ Սարգսյանն ընդունել է Արմեն Սարգսյանին, արխիվ
Սերժ Սարգսյանն ընդունել է Արմեն Սարգսյանին, արխիվ

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի առաջարկից հետո ժամանակ խնդրեց՝ շեշտելով, թե ցանկանում է որոշում կայացնելու համար նախևառաջ հանդիպել խորհրդարանական, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերին։

​«Հանդիպման առաջարկ, երբ որ կլինի, ես կարծում եմ, որ «Ելք» խմբակցությունն անպայմանորեն կհանդիպի նախագահի թեկնածուին՝ իհարկե լսելու, որոշ հարցեր քննարկելու, ինչո՞ւ չէ, մտահոգությունները հայտնելու, բայց գրեթե վստահ եմ, որ էդ հանդիպումը մեծ հաշվով չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա։ Այնուամենայնիվ Արմեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության թեկնածուն է, սա բավականին խոսուն բան է և «Ելք»-ը ելնում է սրանից», - ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյան, արխիվ
Արարատ Միրզոյան, արխիվ

«Ազատության» հարցին, թե անկախ հանդիպման արդյունքներից, «Ելք»-ը դե՞մ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը»։

Հիշեցնենք՝ «Ելքը» ցանկանում էր նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին՝ պատգամավոր Արտակ Զեյնալյանին, սակայն 9-ը հոգանոց խմբակցությանը թեկնածու առաջադրելու համար 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ:

Արտակ Զեյնալյան, արխիվ
Արտակ Զեյնալյան, արխիվ

Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը հրաժարվեց աջակցել «Ելք»-ին այս հարցում: Փոխարենը՝ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր իշխող Հանրապետականին առաջարկ արեց՝ եթե նրանք վստահ են, որ իրենց թեկնածու Արմեն Սարգսյանը մրցակցությունից դուրս է, ապա թող «Ելք»-ին տրամադրեն անհրաժեշտ 18 ստորագրություն և ընդդիմադիր դաշինքը Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու հնարավորություն ունենա:

Գևորգ Գորգիսյան, արխիվ
Գևորգ Գորգիսյան, արխիվ

«Եթե Հանրապետական կուսակցությունն այդքան վստահ է, որ ամեն ինչով այսպես լավ է, հենց իրենց խմբակցությունից կարող են պակասող 18 ստորագրությունները տալ մեր թեկնածուին, և գոնե բանավեճ կլինի, որովհետև այս պարագայում լինելու է առանց այլընտրանքի, առանց երկխոսության, առանց բանավեճի ընտրություն, որն ինքնին ժողովրդավարության դեմ է», - ասաց Գորգիսյանը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան «Ելք»-ից հնչած այս առաջարկի, հակադարձեց՝ ինչո՞ւ պետք է օգնեն, «Ելք»-ը իրե՞նց ստեղծած ընդդմիությունն է:

Բաղդասարյանը շեշտեց՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ծառուկյան»-ն ու «Ելք»-ը միասին, կարող էին ընդդիմադիր թեկնածու առաջադրել, այնպես որ խնդիրն իրենց մեջ է:

Վահրամ Բաղդասարյան. արխիվ
Վահրամ Բաղդասարյան. արխիվ

«Մեզ համար նույնպես ցանկալի կլինի, որ լինի երկու թեկնածու։ Մենք մեկ թեկնածու պետք է առաջադրենք, և առաջադրում ենք մեկ թեկնածու, երկրորդը՝ պետք է մեր ընդդիմադիր գործընկերներին այդ հարցը ուղղեք, եթե կլինի երկրորդ թեկնածու, մենք կկազմակերպենք», - ասաց Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե «Ելք»-ն ասում է՝ ՀՀԿ-ն թող պակասող 18 ձայնը տա իրենք կարողանան առաջադրել իրենց թեկնածուին, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. - «Շատ հետաքրքիր առաջարկություն է. «Ելք»-ը մե՞ր ստեղծած ընդդիմությունն է, եթե մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք իրենց, բայց «Ելք»-ը ժողովրդի ընտրյալն է, և որպես ընդդիմություն, նրանք իրենց կերպարը պետք է պահպանեն՝ համագործակցելով ընդդիմության հետ, այլ խնդիր է, որ եթե իրենք ցանկանում են մեզ հետ համագործակցել, մեր դռները բաց են»

Ճշտող հարցին, որ եթե «Ելք»-ը դիմի անհրաժեշտ 18 պատգամավորների ձայնը ստանալու համար՝ առաջադրման նպատակով, ՀՀԿ-ն կտրամադրի՞ այդ ձայները, Բաղդասարյանը պատասխանեց. - «Ելք»-ը թող դիմի, գան, քննարկենք, դնենք իրենց թեկնածուին, մեր թեկնածուին, քննարկման արդյունքում, եթե գտնենք այդ արժանիքները, մենք կարող է նաև դրա մասին հետևություններ անենք։ «Ելք»-ին հորդորեք, թող դիմի մեզ»։

Նշենք, որ առաջին փուլով նախագահ ընտրելու համար Հանրապետականին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող ուժն առնվազն 14 ձայնի կարիք ունի և եթե «Ելք»-ը հայտարարում է, որ դեմ է քվեարկելու, ապա, բնականաբար, Հանրապետականը փորձելու է ստանալ ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները։

Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ չի բացառել, որ կաջակցի իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուին։

Ամեն դեպքում, նկատենք, եթե անգամ Հանրապետականին չհաջողվի առաջին փուլով նախագահ ընտրել, այդ հնարավորությունը նրանք կունեն 2-րդ փուլում, այդ դեպքում անհրաժեշտ է ընդամենը 63 պատգամավորի ձայն:

Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցությունն այսօր խորհրդարանական ճեպազրույցներին չմասնակցեց, և հարցն այդպես էլ անպատասխան մնաց՝ ի վերջո, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը պաշտպանելո՞ւ է Հանրապետականի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից շատերն անցած տարի կողմ քվեարկեցին Հանրապետականի Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին, ինչպես Նաիրա Զոհրաբյանն էր այն ժամանակ պարզաբանել, իրենք «խղճի մտոք» քվեարկելու որոշում էին կայացրել:

Դե իսկ ինչ վերաբերում է իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅ Դաշնակցությանն, ապա խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բացեց փակագծերը՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում ոչ պաշտոնապես արդեն հանդիպել են Արմեն Սարգսյանին, կհանդիպեն նաև պաշտոնապես և որոշում կկայացնեն, ամեն դեպքում, որևէ պատճառ չեն տեսնում, որ չաջակցեն Հանրապետականի նախագահի թեկնածուին:

Աղվան Վարդանյան, արխիվ
Աղվան Վարդանյան, արխիվ

«Ես այսօր որևէ պատճառ չեմ գտնում, որ ընդունելի չդառնա», - ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։

Ի դեպ, Վարդանյանը շեշտում է՝ քաղաքական էլիտայում դրական փոփոխություններ են նշմարվում, ասպարեզ են գալիս մարդիկ, որոնք իրենց հատկանիշներով տարբերվում են: «Իբրև առավելություն, որ թաղված չի եղել Հայաստանյան վերջին 20 տարիների էլիտայի մեջ, տարբեր ինտրիգների մեջ, տարբեր կապերի և այլնի մեջ», - ասաց Աղվան Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG