Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի եթերում «ինքնախոստովանական ցուցակ» անվանեց Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած ցուցակը, որում ներկայացված են ապրանքները, որոնց գները էականորեն աճել են, և ապրանքները, որոնց գները էականորեն նվազել են:
«Ապրանքները, որոնք [որոնց գները] նվազել են, դրանք ներկայացված են ինչպես նրանց բացարձակ տոկոսային աճով, այնպես էլ նրանց՝ բնակչության ծախսերի կառուցվածքում ունեցած հաճախականությամբ կամ նրանց կշռով, այսինքն՝ ինչքան կարևորություն ունի», - նշեց Մանուկյանը:
«Եթե մենք պարզ հանրագումար ենք անում՝ 20 ապրանք թանկացած, 20 ապրանք էժանացած, ի դեպ՝ ԱՎԾ-ինը, դեռ չենք էլ ուրիշ թվեր նայում, էժանացած ապրանքները էժանացել են մոտավորապես այս 20 ապրանքը 66 տոկոսով, բայց նրանց ազդեցությունը, այսինքն՝ սպառողի ծախսերի մեջ նրանց ունեցած քաշը կամ կարևորությունը, ընդամենը 7.5 տոկոս է: Այն խմբում, որոնք որ գնաճ է տեղի ունեցել, աճը կազմում է մոտավորապես 267 տոկոս, և նրանց քաշը կամ կարևորությունը սպառողական ծախսերի մեջ կազմում է մոտավորապես 14․5 տոկոս», - ընդգծեց տնտեսագետը:
«Այսինքն՝ երկու անգամ շուրջ ավելի կարևոր է, որ ավելի շատ ենք մենք սպառում մեր ապրանքների կառուցվածքում, և նաև գներն այստեղ երկու անգամ ավելի շատ է, մինչդեռ այնտեղ 68 տոկոսով է ընդամենը նվազում», - եզրակացրեց Մանուկյանը՝ ամփոփելով․ - «Հիմա, եթե սպառողը այս 40 ապրանքը իրար գումարեր և սրանից սպառեր, հասկանալի է, որ նրա բարեկեցությունը ավելի քան 8 անգամ կպակասեր»:
Հիշեցնենք, 2018 թվականի առաջին իսկ օրերից Հայաստանում թանկացումների նոր ալիք արձանագրվեց: Հունվարի 19-ին «Ելք» ընդդիմադիր դաշինքը թանկացումների և հարկային բեռի ավելացման դեմ բողոքի երթ անցկացրեց, իսկ վաղը Ազգային ժողովում թանկացումների հարցով լսումներ են նախատեսված:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 21-ի թողարկման անդրադարձը թանկացումների թեմային կարող եք դիտել այստեղ․