Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան․ Արմեն Սարգսյանի հատկությունները Հայաստանում այլևս պահանջարկված են


Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը հակված է «քաղաքակրթական վեճով» բացատրել այն փաստը, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, ում Հանրապետականը ցանկանում է տեսնել երկրի նախագահի պաշտոնում, 21 տարի առաջ ընդամենը չորս ամիս պաշտոնավարելուց հետո շատերի համար անսպասելի թողեց վարչապետի աթոռն ու վերադարձավ Լոնդոն:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հարցին՝ արդյոք նույնը չի կարելի սպասել այժմ, Նիկոյանը արձագանքեց․ - «Մենք չենք տիրապետում, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, բայց կարող ենք ակնկալել, որ կար քաղաքակրթական՝ ես այդ բառը այդպես եմ օգտագործում, քաղաքակրթական վեճ, ընկալումների վեճ»:

«Կարծում եմ՝ մեր պետությունը այս ամբողջ ժամանակահատվածում այն առաջընթացը, նկատի ունեմ՝ քաղաքակրթական առումով առաջընթացը, որ մեր պետությունը ապրել է, հետևաբար նաև՝ մեր իշխանությունը արդեն երբեք էլ այնպիսին չէ, ինչպիսին այն ժամանակ, և կարծում եմ, որ այժմ այդ քաղաքակրթական վեճը չի լինի: Ընդհակառակը, երբ Արմեն Սարգսյանին մենք հրավիրում ենք, հենց նկատի ունենք այն քաղաքակրթական մակարդակը, որին ինքը տիրապետում է, որին մենք կուզենայինք տեսնել նաև Հայաստանի Հանրապետությունում», - ասաց հանրապետական պատգամավորը:

«Այդ առումով, եթե միշտ եղել են ժամանակներ, որ այն, ինչին տիրապետում է պարոն Սարգսյանը, չի ընկալվել ինչ-որ մարդկանց կամ խմբի կողմից, ենթադրաբար, այո՞, ապա այդ հատկությունները այժմ Հայաստանի Հանրապետությունում այլևս պահանջարկված են», - հայտարարեց Սամվել Նիկոյանը:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկեց Հանրապետականի կողմից առաջադրվել որպես Հայաստանի նախագահի թեկնածու: Ի պատասխան, Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ վերջնական որոշում ընդունելու համար:

Հայաստանի չորրորդ նախագահին մարտի 2-ին ընտրելու է խորհրդարանը՝ առաջին անգամ, համաձայն փոփոխված Սահմանադրության։ Նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գործող նախագահը կավարտի պաշտոնավարումը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թարմազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 21-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG