Մատչելիության հղումներ

Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան


Լուսանկարը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Ընդդիմադիր ուժի ղեկավարը հավանական է համարում, որ վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով:

Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր:

Ընդդիմադիր գործիչը «Ազատությանը» պատմեց, որ փորձել է ճշտել արգելքի պատճառները` օրինակ, արդյո՞ք կասկածվում է որեւէ հանցագործության մեջ կամ վարակակիր է և այլն, Վրաստանի սահմանապահները, սակայն, Փոստանջյանին մի գրություն են փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված է «օրենքով նախատեսված այլ դեպքերը»` առանց մանրամասների:

​Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ հայաբնակ Ախալքալակի շրջան էր մեկնում «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնած համահայկական ընդվզման քարոզչության նպատակով: Վերջին անգամ նույն ծրագրով Փոստանջյանը Ախալքալակում հանդիպումներ էր անցկացրել մոտ երկու ամիս առաջ, ինչպես փոխանցեց կուսակցության ղեկավարը, առանց միջադեպերի: ​

Ի դեպ, Փոստանջյանի հետ Ջավախք մեկնող նրա կուսակիցները նման խոչընդոտի չեն բախվել։

Զարուհի Փոստանջյանը կասկածներ ունի, որ այս անգամ Հայաստանի իշխանությունների խնդրանքով են արգելել նրա մուտքը, քանի որ վրացական կողմը որևէ հստակ հիմնավորում չի ներկայացրել:

Այսօր Փոստանջյանը նախատեսում էր հանդիպումներ անցկացնել Բոգդանովկայում և Ախալքալակում, որտեղ համազգային ընդվզման իրենց նախաձեռնություն էին ներկայացնելու:

«Մեզ սպասում էին մեր հայրենակիցները: Որպեսզի լինի իրականում համազգային ընդվզում, մենք դիտարկում ենք ողջ հայությանը, և իհարկե Ջավախքը միանշանակ պետք է ընդգրկված լինի այս ամենի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Նա նշեց, որ պատրաստվում է բողոքարկել վրաց սահմանապահների որոշումը․ - «Բողոքներ եմ ներկայացնելու բոլոր ատյաններին և պահանջելու եմ, որպեսզի իմ ոտնահարված իրավունքը վերականգնի, և իհարկե հատուցեն պատճառված վնասները: Ես Ջավախք էի մեկնում հատուկ նպատակով, և իրենք իմ գործունեությանը խոչընդոտ են հանդիսացել: Բոլոր հնարավոր ատյաններին բողոք եմ ներկայացնելու, նաև մեր արտգործնախարարությանը, այն մասին, որ իմ իրավունքները ոտնահարվել են»:

Ջավախքի փոխարեն այսօր «Երկրի Ծիրանի»-ն համազգային ընդվզման կոչով երթ անցկացրեց Գյումրիում:

Գյումրեցիները մի շարք պահանջներ ներկայացրեցին՝ ընդդիմադիր դաշտի համախմբում, ինչպես նաև հարցրեցին՝ ով է լինելու այն լիդերը, ում հետևից գնալու են:

«Միայն լիդերի խնդիրը չի, մենք ինքնակազմակերպման խնդիր ունենք», - արձագանքեց Փոստանջյանը:

Մի միջադեպ տեղի ունեցավ երկու տարեցների միջև․ մեկը ընդդիմադիր հայացքներ ուներ, մյուսը՝ իշխանական: Իշխանամետ տարեց մարդը փորձում էր լռեցնել ընդդիմադիրին՝ թե հերիք է խոսես: Վիճաբանություն տեղի ունեցավ, հրմշտոց:

Արդյոք այսօր ընդդիմադիր քաղաքի համբավ ունեցող Գյումրին պատրաստ է կրկին փողոց դուրս գալ, հարցին Զարուհի Փոստանջյանն արձագանքեց․ - «Մեր ժողովրդին պակասում է կազմակերպվածությունը և այդ կազմակերպվածության խնդիրն է, որը մենք պետք է լուծենք: Եվ իմ խնդիրն է, մեր կուսակցության խնդիրն է, որպեսզի մենք օգնենք ժողովրդին ինքնակազմակերպվելու: Եվ ես այլևս չեմ հորդորելու որևիցե մեկին, թե գնացեք այս մարդու կամ այս ուժի հետևից: Ընդհակառակը, յուրաքանչյուրը պետք է իր տեղում ինքնակազմակերպվի, եթե ուզում ենք հեղափոխություն ապրել: Իսկ եթե ուզում ենք ժամանակի մեջ, մի քանի տարվա մեջ կործանվել, անկում ապրել, որը թակել է մեր դուռը, ապա դա արդեն մեր մի մասի ընտրությունը կարող է լինել, որը շատ վտանգավոր է»:

Փոստանջյանը կարծում է, որ համազգային ընդվզման հաջողության բանալին յուրաքանչյուր անձի ձեռքում է՝ Հայաստանում, թե սփյուռքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG