Եթե Հայաստանն ունի հնարավորություն վճարել Ռուսաստանին իր պարտքերը, չպետք է խնդրի, որ դրանք ներեն իրեն՝ «Ազատության» հետ զրույցում այս միտքն արտահայտեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Հանրապետական պատգամավորը նման կերպ արձագանքեց այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնական Մոսկվան երեկ օրենքի ուժով ներում շնորհեց Ղրղըզստանին իր 240 միլիոն դոլարի հասնող պարտքի դիմաց, իսկ ռազմավարական գործընկեր Հայաստանը նախորդ տարիների ընթացքում միշտ ստիպված է եղել պարտքերը փակել այս կամ այն ակտիվներով:
Ի դեպ՝ Ղրղըզստանի պարտքի ներման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մեկ տարի առաջ այդ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ: Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ճիշտ բանակցություններ վարել, որպեսզի Ռուսաստանը նաև Հայաստանի պարտքերը չեղարկի։
«Ինչ-ինչ՝ գոնե մեր իշխանություններին, մասնավորապես Հայաստանի նախագահին բոլորը՝ Հայաստանից դուրս, ընդունում են որպես ֆենոմենալ բանակցող․ ես պատահական բառ չեմ ասում», - շեշտեց Հարությունյանը: - «Ես չեմ կարծում, որ եթե մենք ունենք հնարվորություն վճարել Ռուսաստանին մեր պարտքը, արժի խնդրել, որ մեզ ներեն, որովհետև հենց այնպես բաներ չեն ներվում, հավատացնում եմ Ձեզ»:
Վերջին 10 տարվա ընթացքում Ղրղըզստանը 9-րդ երկիրն է, որին պաշտոնական Մոսկվան ներում է միլիոնների, անգամ միլիարդների հասնող պարտքը։ Այդ ցանկում հայտնվել են Իրաքը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Մադագասկարը, Ուզբեկստանը։ Ամենախոշորն, իհարկե, Կուբայի՝ 32 միլիարդ դոլարի պարտքի ներումն է եղել: Եվ այս ամենի կողքին՝ դեռ 2000-ականների սկզբին «Գույք պարտքի դիմաց» պայմանագրով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի 114 միլիոն դոլարի պարտքը մարեց Հրազդանի ջերմակայանով, «Մարս» գործարանով և 3 գիտական հաստատություններով: Իսկ ավելի ուշ՝ 2013-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ Կառավարությունը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին հանձնեց «Հայռուսգազարդում» Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը:
Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, սակայն, հիշեցնում է՝ Ռուսաստանը Հայաստանին աջակցեց ամենածանր պահին՝ 2009-ին տրամադրելով 500 միլիոն դոլարի կայունացման վարկ, որի շնորհիվ էլ պետությունը չվտանգեց իր սոցիալական պարտավորությունները:
«500 միլիոն դոլար վարկը ի սկզբանե ներկայացվել էր որպես արտոնյալ վարկ, սակայն այն այնքան ծանրացավ Հայաստանի վրա, որ վարկը մարելու համար Կառավարությունը գնաց եվրոպարտատոմսերի թողարկման», - հակադարձում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա՝ անկախության տարիներին Հայաստանը տնտեսական դիվանագիտության հարցում ամենամեծ վնասները կրել է հենց ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, իսկ այլ երկրների պարտքերը ներելու՝ պաշտոնական Մոսկվայի գերծելաոճը չի տեղավորվում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում։ Տնտեսագետը բացատրում է՝ որքան կախյալ է երկիրը, այնքան այն հեշտ կառավարելի է․ - «Կախվածությունը, որը ակնհայտ է և հիմնավորման կարիք չունի, գնալով խորանում է և որքան Հայաստանն ավելի կախված լինի Ռուսաստանի Դաշնությունից, այնքան Ռուսաստանի աչքում չակերտավոր կառավարելի երկիր կարող է լինել: Եվ այս իմաստով չեմ կարծում, որ այդ քայլերը, ինչ Ղրղըզստանի կամ այլ երկրների հետ կապերում Ռուսաստանը թույլ է տալիս իրեն, նույն ձևով կիրառելի են Հայաստնաի համար»:
Հայաստանին տնտեսապես ծնկի իջեցնելու քաղաքականությունը Ռուսաստանը հատուկ է ընտրել՝ պնդում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ կրկին շեշտելով 500 միլիոն դոլար վարկի պատմությունը։ Ուսումնասիրելով Ռուսաստանի կողմից իր պարտապաններին ներելու քաղաքականությունը՝ Իոաննիսյանը եզրակացրել է՝ հետխորհրդային երկրներից պաշտոնական Մոսկվան չի ներել միայն Հայաստանի պարտքերը․ - «Ուրիշ հանրապետությունների դեպքում Ռուսաստանը հստակ հասկանում է, որ պետք է իրենց սիրաշահի, որպեսզի դիրքերը այդ երկրներում ամրապնդի, բայց Հայաստանի դեպքում հակառակը՝ հասկանում է, որ պետք է տնտեսապես ծնկի իջեցնի, որովհետև ինչքան ծնկի իջեցնի Հայաստանին, այնքան երկիրը ավելի կախման մեջ կլինի Ռուսաստանից: Այսինքն, Ռուսաստանը պարտքի դիմաց Հայաստանից փորձում է քամել առավելագույնը»: