Հայաստանի արտախորհրդարանական ուժերը առաջարկ ստանալու դեպքում պատրաստ են քննարկել Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորությունը։
«Ժառանգությունը», մասնավորապես, ողջունում է Սարգսյանի ցանկությունը՝ հանդիպել նաև Ազգային ժողովից դուրս գործող ուժերին։ - «Դա շատ ճիշտ ցանկություն է, որովհետև հասարակությունը ոչ թե խորհրդարանում է ներկայացված, այլ խորհրդարանից դուրս է ներկայացված», - «Ազատության» հետ զրույցում նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երեկ Բաղրամյան 26-ում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընդգծել էր, որ որոշում ընդունելուց առաջ կցանկանար հանդիպել և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդրանական կուսակցություններին: Թեև գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իր խոսքում կարևորել էր խորհրդական ուժերի հետ հանդիպելու անհրաժեշտությունը։
Այնուամենայնիվ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեծ հույսեր չի կապում նախագահի թեկնածուի հետ։ Ըստ նրա, թեև Արմեն Սարգսյանը ինտելեկտուալ շրջանակի ներկայացուցիչ է, այնուամենայնիվ՝ «այս համակարգի շրջանակում ոչինչ փոխել չի կարող»։
«Իշխանության մեջ էլ կան այլ ինտելեկտուալներ, որոնք կա՛մ ձայն չեն կարողանում հանել, կա՛մ որոշումների կայացման վրա ոչ մի ազդեցություն չունեն, կա՛մ էլ թե չէ հակառակ քաղաքականություն են իրականացնում, ինչպես օրինակ Դավիթ Հարությունյանն է, որի ընտրական օրենսգրքերի տակից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ», - մանրամասնեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Բացի այդ, ըստ Մարտիրոսյանի, Հայաստանին պետք է նախագահ, ով իր կյանքն ու ապագան կապել է Հայաստանի հետ, ինչը դժվար է ասել տասնամյակներ շարունակ Մեծ Բրիտանիայում բնակված ու գործունեություն ծավալած Արմեն Սարգսյանի մասին։
Մեկ այլ արտախորհրդարանական ուժի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության դռները բաց են բոլորի առջև, սակայն, կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք չեն սպասարկի Սերժ Սարգսյանի ծրագրերը՝ այս դեպքում, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանության երկարաձգումը։
«Եվ այստեղ է հիմնական խնդիրը՝ նայած ինչի շուրջ է Արմեն Սարգսյանը ցանկանում քննարկում անցկացնել: Եթե նա ցանկություն ունի քննարկում անցկացնել Սերժ Սարգսյանի պրոյեկտների շուրջ, ապա մենք, իհարկե, այդ քննարկումների մասնակիցը չենք լինի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Փոստանջյանը՝ շարունակելով․ - «Իսկ հասկանալի է, որ նա այդ պրոյեկտն է սպասարկում»:
Զարուհի Փոստանջյանը իշխանության մենաշնորհի պայմաններում հարկ չի համարում քննարկել նաև նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անհատական հատկանիշները, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ տեսնում է. Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը երբեք չի արձագանքել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, իսկ մենք այս մարդու դիրքորոշումը չենք լսել։ Դեռ ավելին՝ Ամուլսարի հետ կապված մենք գիտենք, որ նա ներգրավված է այդ ծրագրի մեջ, իսկ ծրագիրը կործանարար է Հայաստանի համար: Հետևաբար այս մարդու արդեն որակների մասին էլ մենք գիտենք», - կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բացի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել նաև հանդիպելու հանրության լայն՝ գիտական, մտավորական, գործարար շրջանակները ներկայացնող անձանց հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության ղեկավարության հետ։ Մինչև Սարգսյանի հետ հանդիպումը, Ղարաբաղում նրա թեկնածությունն արդեն ողջունում են:
«Իրոք հարգում ենք մենք Արմեն Սարգսյան անձին, դիվանագետին, քաղաքական – հասարակական գործչին», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, նշելով, թե Սարգսյանի հետ լավ ծանոթանալու առիթ են ունեցել 2015 թվականանին, երբ Բակո Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Մեծ Բրիտանիա: - «Կարծում եմ, որ եթե նա ընդունի այդ առաջարկը և ընտրվի Ազգային ժողովի կողմից, հատուկ ուշադրություն է դարձնելու Արցախի հետ փոխգործակցությանը և ընդհանրապես Արցախյան հիմնախնդրին, Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը: Եվ կարծում ենք, իմանալով նաև նրա պրոֆեսիոնալ և մարդկային ունակությունները, հասնելու է նախանշված բոլոր կետերին: Ողջունում ենք, պատրաստ ենք հանդիպել», - հավելեց Բաբայանը: